Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կարևորել է տնտեսական աճի ներառականությունը


Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը ավարտին կհասցվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Այս մասին նախագահ Սարգսյանը հայտարարել է այսօր՝ հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացված քննարկման ժամանակ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Կարեն Կարապետյանը, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, սոցիալական և տնտեսական ոլորտների քաղաքականության մշակման ու իրականացման պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները, ազգային վիճակագրական ծառայության նախագահը, Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներ:

Օրակարգի շրջանակներում փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել են ՀՀ 2017թ. տնտեսական աճի ընդհանուր նկարագիրը և հիմնական արդյունքները:

Նախագահը խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի ներառականության վրա, շեշտելով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար: Այս առումով, Սերժ Սարգսյանը կարևորել է առաջիկա տարիներին տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելուն զուգահեռ ժողովրդագրական իր սահմանած ցուցանիշների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ հետևողական աշխատանքը:

«Ես կարծում եմ, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք ավարտին կհասցնենք մինչև 2030 թվականը Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ռազմավարությունը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կառավարությունը 2017 թվականին լավ արդյունքների է հասել, չեմ կարծում, որ շեղումները շատ մեծ կլինեն, մենք թերևս կունենանք 7,4-7,7 տոկոսի միջակայքում տնտեսական աճ», - ասել է Սերժ Սարգսյանը: - «Սա, անշուշտ, լավ ցուցանիշ է: Բայց մենք նաև պետք է հաշվի առնենք, որ մեկ տարվա լավ տնտեսական աճը չի կարող ազդեցություն ունենալ մեր հասարակության լայն շրջանակների վրա: Եվս երկու-երեք տարի այսպիսի աճ` ես կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք ստեղծել շատ լավ հիմքեր մեր ժողովրդագրական ծրագրերն իրականացնելու համար»,- ասել է Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ կառավարությունը 2018թ. տարեսկիզբն էլ տնտեսական լավ ցուցանիշներով է սկսել, սակայն, ըստ նրա, դեռևս չի կարելի ասել, որ Հայաստանը հասել է իր հնարավորությունների սահմանին, քանի դեռ այդ աշխատանքի արդյունքները զգալի չեն դարձել հասարակության բոլոր խավերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG