Ադրբեջանցի քաղբանտարկյալներ Այդըն Սաֆարլին և Սիրաջ Ռագիմովն այսօր ազատ են արձակվել։
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, նրանց նկատմամբ սահմանված ազատազրկման ժամկետը սպառվել է։
Աղբյուրը նշում է, որ Այդըն Սաֆարլին 2016 թվականին գնաճի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից է։ Նա դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման։ Իսկ Սիրաջ Ռագիմովը ձերբակալվել էր 2015 թվականին Մինգեչաուրում՝ ոստիկանությունում քաղաքացու մահվան հետ կապված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։
Միջազգային և տեղական կազմակերպությունների գնահատականների համաձայն Ադրբեջանում ավելի քան 160 քաղբանտարկյալ կա։ Իշխանությունները մինչդեռ կտրականապես հերքում են այդ ամենը՝ պնդելով, թե բոլորը ձերբակալվել են կոնկրետ հանցագործությունների համար։