Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը մերժեց «Ծառուկյան» խմբակցության նախագիծը նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը


Ազգային ժողովի շենքը Երևանում
Ազգային ժողովի շենքը Երևանում

Ազգային ժողովը ձայների 39 կողմ, դեմ 56, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց «Ծառուկյան» խմբակցության՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը խորհրդարանի նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը։

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց առաջարկը շատ պարզ է՝ վերացնել ռեյտինգային ընտրակարգը։

«Մեր առաջարկությունն Ընտրական օրենսգրքում շատ պարզ է՝ վերացնել ռեյտինգային ընտրակարգը։ Ես վստահ պնդում եմ, որ այս Ընտրական օրենսգրքով գնալ հաջորդ ընտրություններին, նշանակում է ունենալ հերթական այլասերված ընտրությունները։ Երբ որ մեր գործընկերները խոսում են քաղաքական կոնսենսուսի մասին՝ նշելով կոնսենսուսի կարևորությունը, ես կարող եմ նշել, որ այսօր մենք ունենք քաղաքական կոնսենսուս ռեյտինգային ցուցակները վերացնելու հարցում։ Այսօր Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, բացի Հանրապետական կուսակցությունից, կողմ են տարածքային ցուցակները հանելուն, կողմ են անցնելու համամասնական ընտրակարգին», - հայտարարեց Զոհրաբյանը։

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հակադարձեց՝ նշելով, որ «գործող ընտրակարգը լիովին համապատասխանում է ժողովրդավարության կանոններին»։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՝ «Ծառուկյան» դաշինքի նախագծին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG