Մատչելիության հղումներ

Հայ կանանց ճակատի անդամը պնդում է, որ իր դեմ մահափորձ է իրականացվել


Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Սարգսյանը:

«Հայ կանանց ճակատ» նախաձեռնության անդամ, «Սասնա ծռերի» և Ժիրայր Սեֆիլյանի աջակից 47-ամյա Հասմիկ Սարգսյանն այսօր ոստիկանությունում բողոք է գրել՝ նկարագրելով երկու օր առաջ տեղի ունեցած, իր պնդմամբ, մահափորձը։

Ասաց, որ փետրվարի 24-ի երեկոյան իր վրա հարձակվող երիտասարդի դեմքը չի հասցրել տեսնել․ - «Կապյուշոնը աչքերին քաշած երիտասարդ էր: Մի ակնթարթ եմ տեսել»:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Հասմիկ Սարգսյանից բողոքը ստանալուց հետո նյութեր են նախապատրաստվում։

Ակտիվիստ կինն ասաց, որ վնասված բաճկոնը ոստիկանությունն առգրավել է՝ կցելով նյութերին։

Հասմիկ Սարգսյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռերի» և զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, զենքի գործադրմամբ շենքեր գրավելու մտադրության համար մեղադրվող Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի դատական նիստերի ակտիվ մասնակիցներից է։

Ոստիկանությունում բողոք գրելուց հետո «Ազատության» հետ զրույցում Սարգսյանը պնդեց, որ այս ամենն իրեն վախեցնելու համար է արվում՝ իշխանության կողմից․ - «Համոզված եմ, որ վախեցնելու մթնոլորտ են ուզում ստեղծեն և՛ համախոհների նկատմամբ, և՛ առավել ևս իմ նկատմամբ: Ուզում են վախի մթնոլորտ ստեղծեն, որ մարդիկ քիչ գան դատարաններ, որ աջակիցները քչանան, «Ծռերին» չհամակրեն: Բայց բոլոր այն մարդիկ, ովքեր գալիս են, բոլորը գիտակցաբար են գալիս: Ու հանուն «Ծռերի» անձամբ ես պատրաստ եմ մինչև վերջ գնալու: Ե՛վ Սեֆիլանի դատերին, և՛ «Ծռերի»»:

Ուղեկցելով մեզ իր բնակության վայր՝ Հասմիկ Սարգսյանը ցույց տվեց շքամուտքը, որտեղ էլ տեղի է ունեցել վայրկյաններ տեւած դեպքը․ - «Այս հարթությունը բարձրացել եմ, ու ինքը արագ մոտեցել է ինձ, հարվածել ա արագ: Մի հարված խփել է ու անցել ա: Ես շոկի մեջ էի․․․ Լուսավորության տակ հայտնվելով, տեսա, որ կտրված ա բաճկոնս՝ թևս և կրծքավանդակս»:


Հայ կանանց ճակատի համակարգող Սյուզան Սիմոնյանը, ով Հասմիկ Սարգսյանի հետ միասին ոստիկանություն էր գնացել, «Ազատությանն» ասաց, որ փորձում են հաշվեհավարդար տեսնել ակտիվ գործունեություն ծավալող մարդկանց հետ․ - «Որովհետև Հասմիկը շատ կարևոր առաքելություն է իրականացնում Հայ կանանց ճակատում: Նա գթության խումբն է համակարգում և արդեն մեկ տարի է զբաղվախ է «Սասնա ծռերին» հանձնուկներ տանելով: Փաստորեն նա ամեն շաբաթ պարտադիր, եթե ոչ շաբաթը երկու անգամ հայտնվում է բանտերում, նա բոլորի շտապօգնությունն է»:

Ոստիկանություն դիմած կանայք կարծում են, որ իրավապահները չեն գտնի հանցագործին․ - «Հանցավոր, քրեածին և քրեական համակարգի ձեռագիրն է»:

Կանայք հիշում են նաև ամիսներ առաջ կրկին Հասմիկ Սարգսյանի հետ տեղի ունեցած երկու դեպքերը։ Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» դատական նիստերի ժամանակ դատարանի բակում անհայտ անձինք վնասել էին նրա ավտոմեքենայի անվադողը, երկրորդ դեպքում՝ անհայտ ծագմամբ հեղուկով տարա տեղադրել անվադողերի վրա:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ
կուսումնասիրվեն Հայ կանաց ճակատի ներկայացրած տվյալները, ինչպես նաև նախկինում նման դրսևորումների հետ դրանց հնարավոր առնչությունը, և կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG