Անցած հինգշաբթի օրը՝ փետրվարի 22-ին, Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ստացվել է ցնցող լուր այն մասին, որ Ռուսաստանի դեսպանատան տարածքում հայտնաբերվել է կոկաինով լի 12 ճամպրուկ:
Այդ մասին հայտնել է Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը: Նրա փոխանցմամբ, թմրադեղի մաքսանենգությունը բացահայտվել է երկու երկրների իրավապահների համագործակցության շնորհիվ:
Դետեկտիվ պատմությունը սկսվել է 2016 թվականին, երբ Արգենտինայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն առընթեր ռուսական դպրոցի նկուղում հայտնաբերել են ճամպրուկներում տեղավորված սպիտակ փոշի պարունակող կասկածելի փաթեթներ:
Դեսպան Վիկտոր Կորոնելին դիմել է Արգենտինայի ոստիկաններին, որոնք զննություն են անցկացրել, հետազոտել են փոշին և հայտնել, որ փաթեթներում թմրանյութ է՝ կոկաին:
Todo Noticias արգենտինական պարբերականի փոխանցմամբ, 12 ճամպրուկներում հանցագործները տեղավորել են 360 փաթեթ՝ ընդհանուր հաշվով 389 կիլոգրամ կոկաին:
Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիցիա Բուլրիչը հաստատել է, որ գործողությունը համատեղ ջանքերով իրականացրել են երկու երկրների իրավապահները:
«Ռուսաստանի դեսպանը և Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության երեք աշխատակիցներ ինձ այցելել և տեղեկացրել են, որ դեսպանատան տարածքին կից շենքում հայտնաբերվել է նյութ, որը կարող է թմրադեղ լինել», - ասել է նախարարը:
Ըստ ռուսական կողմի, թմրանյութով ճամպրուկները դեսպանատուն է բերել մի անձ, ով նույն 2016 թվականին ավարտել է աշխատանքը ռուսաստանյան դիվանագիտական առաքելությունում: Նա, ինչպես Մոսկվան է պնդում, դիվանագետ չի եղել և տեխնիկական աշխատանք է կատարել:
Քննությամբ պարզվել է, որ այդ գործի հետ առնչություն ունեն երկու մարդ Արգենտինայում և երեք մարդ Ռուսաստանում: Կասկածյալներից մեկը Բուենոս Այրեսի ոստիկանության տեսուչ է, մյուսը՝ ռուսաստանցի նախկին պաշտոնյա (խոսքը, հավանաբար, վերը նշված տեխնիկական ծառայողի մասին է): Կան ձերբակալվածներ, մեկ կասկածյալ թաքնվել է Գերմանիայի տարածքում:
Արգենտինայի ոստիկանները կոկաինը փոխարինել են ալյուրով, ճամպրուկներում տեղադրել են GPS-ներ (գլոբալ տեղորոշման համակարգեր) և սպասել այն օրվան, որ թմրանյութի հնարավոր պատվիրատուն կամ փոխադրողը որևէ քայլի դիմի:
Արգենտինացիներն իրականացրել են նաև կասկածյալների հեռախոսազրույցների գաղտնալսումներ:
«389 կիլոգրամ թմրադեղի արժեքը մոտ 50 միլիոն եվրո է, այդ թիվը ձեզ հայտնում եմ, որ պատկերացում կազմեք Ռուսաստանում կոկաինի մաքսանենգության հանցավոր բիզնեսի ծավալի մասին», - ասել է Արգենտինայի անվտանգության նախարար Բուլևիչը:
Ռուսական կողմը բարձր է գնահատում երկու երկրների իրավապահների համագործակցությունը և միաժամանակ զարմանք հայտնում այդ թեմայով լույս տեսած որոշ հրապարակումների կապակցությամբ:
Արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Արգենտինայում Ռուսաստանի դեսպանը և մնացած դիվանագետները որևէ առնչություն չունեն այդ հանցավոր ծրագրին, իսկ նախկին աշխատող-կասկածյալը դիվանագետի կարգավիճակ չի ունեցել:
Զախարովան հերքել է նաև կոկաինը դիվագիտական փոստով Ռուսաստան փոխադրելու՝ չարագործին վերագրվող մտադրության մասին վարկածը, նշելով, որ նախկին աշխատակիցը պարզապես չէր կարող նման բան անել, քանի որ չուներ փոստի հետ որևէ առնչություն:
Դիվանագիտական փոստի՝ նամակների, ծանրոցների և ճամպրուկների համար, ըստ Զախարովայի, պատասխանատու են խիստ սահմանափակ թվով դիվանագետներ, ովքեր ունեն պաշտոնական թույլտվություն:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ասել է, որ կոկաինի սկանդալով որոշ աղբյուրներ փորձում են վարկաբեկել Ռուսաստանի դիվանագետներին:
Նա ասել է, որ 12 ճամպրուկները փոխադրել են Ռուսաստան, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերին նոր ձերբակալություններ են կատարվել:
Մոսկվան այսօր հայտնել է, որ գործի քննությունը շարունակվում է, կան դեռևս ազատության մեջ գտնվող այլ կասկածյալներ և հնարավոր են նոր ձերբակալություններ: