Մատչելիության հղումներ

ՌԴ Գերագույն դատարանը մերժել է Սոբչակի բողոքը


Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժել է երկրի գործող նախագահ Վլադիմիր Պուտինին որպես նախագահի թեկնածու գրանցելու վերաբերյալ նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակի բողոքը:

Դատարանը հղում է անում ՌԴ սահմանադրական դատարանի բացատրությանն առ այն, որ Սահմանադրությունը նույն անձին արգելում է նախագահ ընտրվել երկու ժամկետից ավելի (անընդհատ), այսինքն տեսականորեն ցանկացած անձ կարող է չորս անգամ էլ ընտրվել նախագահ, միայն թե երկրորդ ժամկետից հետո առնվազն մեկ ժամկետ նախագահ պետք է ընտրվի մեկ այլ անձ: Ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել Ռուսաստանում:

Մինչև 2008-ի սահմանադրական փոփոխությունները նախագահն ընտրվում էր չորս տարով, իսկ փոփոխություններից հետո՝ վեց տարով:

Պուտինը առաջին անգամ նախագահ է ընտրվել 2000 թվականին, 2004-ին վերընտրվել է: 2008-ին Ռուսաստանի նախագահ ընտրվեց Դմիտրի Մեդվեդևը, ով իր առաջին իսկ հրապարակային ելույթներից մեկում հայտարարեց, որ հարկավոր է սահմանադրական փոփոխության միջոցով նախագահության ժամկետը երկարացնել երկու տարով: 2012-ին Վլադիմիր Պուտին երրորդ անգամ ընտրվեց նախագահ՝ արդեն վեց տարով:

Եթե գալիք մարտի 18-ին Պուտինն ընտրվի չորրորդ անգամ, ապա, եթե իհարկե Սահմանադրությունը չփոխվի, դա կլինի նրա վերջին ժամկետը:

Այսօր Գերագույն դատարանում Քսենիա Սոբչակը հայտարարեց, որ չստացավ իր հիմնական հարցերի պատասխանները՝ ընդգծելով․ - «Առանց իշխանության փոփոխության երկրի զարգացումը հնարավոր չէ»:

Գալիք ընտրություններում նախագահի թեկնածուները ութն են: Ամենաակտիվները լրագրող Քսենիա Սոբչակը, կոմունիստների թեկնածու, մեծահարուստ Պավել Գրուդինինը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին և գործող նախագահ Վլադիմիր Պուտինն են: Վերջինս, սակայն, ակտիվ նախընտրական պայքարին չի մասնակցում․ նրա փոխարեն դա անում է իր նախընտրական շտաբը:

Մարտի 1-ին Պուտինը հանդես է գալու իր ավանդական ուղերձով Դաշնային խորհրդին: Ռուսաստանցի փորձագետները նշում են, որ ուղերձն այս տարի նախընտրական բնույթ է կրելու: Նախապես ուղերձը ծրագրված էր անցած դեկտեմբերին, սակայն Կրեմլը որոշեց հետաձգել այն՝ ընտրությունների պատճառով:

Ռուսաստանյան աղբյուրներն այսօր գրել են, որ Պուտինի ծրագիրն ուղղված է լինելու հիմնականում աղքատության դեմ պայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG