Մատչելիության հղումներ

«Ժառանգությունը» փորձելու է կանխել Սարգսյանի հնարավոր վարչապետությունը


Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը, ի դեմս նոր ղեկավար կազմի, փորձելու է միասնական ճակատ ձևավորել ապրիլին Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ հետագա պաշտոնավարումը թույլ չտալու համար։ Րաֆֆի Հովհաննիսյանին կուսակցության նախագահի պաշտոնում փոխարինած Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ միասնական ճակատ ձևավորելու աշխատանքներն արդեն սկսվել են։

«Հարթակներից մեկը, բնականաբար, «Հանուն Հայաստան պետության» ճակատն է նաև, որին ես ևս անդամակցում եմ: Այնտեղ, ըստ էության, տարբեր կուսակցություններից կան [ներկայացուցիչներ], տարբեր հասարակական միավորումներից կան, նաև անհատ քաղաքացիներ կան: Ըստ էության, դա ևս հարթակներից մեկը կարող է լինել, որովհետև ապակուսակցական է», - ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ «Ժառանգությունը» ճակատն առաջնորդելու նպատակ չունի․ պատրաստ են համագործակցել պայքարի դուրս եկած բոլոր քաղաքական ուժերի հետ։ Արմեն Մարիտիրոսյանի պնդմամբ՝ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը թույլ չտալու համար հասարակությունն ու քաղաքական ուժերը բազմաթիվ պատճառներ ունեն։

«Տարածքային կորուստ՝ 800 հեկտար տարածք կորցրինք, անվտանգության խնդիրներ, գրեթե 400 հազարի հասնող արտագաղթ: Այսինքն՝ այս ամեն ինչն ինշխանություններն արդեն իրականացրել են: Ես կարծում եմ՝ պայքարը ոչ միայն պետք է լինի ընդդեմ Սերժ Սարգսյանի և ոչ այնքան ընդդեմ Սերժ Սարգսյանի, որքան հանուն բարեփոխումների, հանուն երկրում արմատական փոփոխությունների, հանուն ընդհանրապես համակարգափոխության»,- ասաց «Ժառանգության» նորընտիր նախագահը:

2002 թվականից «ժառանգությունը» ղեկավարում էր, կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Շաբաթ օրը կայացած վարչության նիստում կուսակցության նոր ղեկավար ընտրվեց Արմեն Մարտիրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ «Ժառանգությունը» չի պառակտվել, դա եղել է Հովհաննիսյանի ցանկությունը, նա քաղաքականությունից չի հեռանում։ - «Ե՛վ վարչության կազմում է [Րաֆֆի Հովհաննիսյանը], և ՛, ըստ էության, կհամակարգի, կղեկավարի խորհուրդը, այնպես որ որևէ հեռացում չկա քաղաքական դաշտից, ընդամենը ռոտացիա է տեղի ունեցել»,- պարզաբանեց Արմեն Մարտիրոսյանը:

Առաջիկա հինգշաբթի «Ժառանգությունը» կմասնակցի Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած Մարտի 1-ի 10-րդ տարելիցի բողոքի երթին։ Արմեն Մարտիրոսյանը հավանական է համարում, որ միասնական պայքարի դուրս գան նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժի հետ։

«Իրենք ասում են՝ միայն մենք ենք պայքարել չակերտավոր սահմանադրական բարեփոխումների դեմ, միայն մենք ենք մտածում խաղաղության մասին և այլն, դրա համար ես չգիտեմ՝ իրենց քաղաքական օրակարգը ինչպիսին կլինի: Եթե իրենք այդ միայնակության հարթակից դուրս գան, մենք մեծ սիրով իրենց կընդունենք այդ համատեղ պայքարի շարքերում», - նշեց Արմեն Մարտիրոսյանը:

2015թ Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքար ծավալած Հայ ազգային կոնգրեսը դեմ չէ համագործակցությանը, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նույնպես ընդգծում է՝ նախկինում նման փորձ ունեցել են․ - «Խոսենք, քննարկենք, տեսնենք դա հնարավո՞ր է, այսօրվա ժողովրդի վիճակը, հասարակական գիտակցությունը բավարա՞ր է պոռթկում կազմակերպելու համար: Այդ ամեն ինչը պետք է քննարկել»:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման հարցում, խորհրդարանում առայժմ հստակ դեմ է արտահայտվել միայն «Ելք» դաշինքը։ Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ «Ելք»-ն այս պահին փողոց դուրս գալու որոշում չունի, թեև դաշինքում քննարկվում է իր ներկայացրած ծրագրային քարտեզը: Տեսակետներն ի մի բերելուց հետո միայն պատրաստ կլինեն քննարկումներ սկսել այլ ուժերի հետ։

«Ինքս քաղաքական այդ պայքարը, որը պիտի ուղղված լինի Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ, ես դա տեսնում եմ որոշակի քաղաքական գործիքակազմի շրջանակներում և շատ կարևոր է, որ մենք ունենանք ընդհանուր պատկերացում այդ գործիքակազմի վերաբերյալ, որովհետև հակառակ դեպքում որևէ համագործակցություն որևէ իմաստ չի ստանում», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Փաշինյանը:

Ապրիլի 9-ին կավարտվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նույն օր Կառավարությունը իր հրաժարականը կներկայացնի նորընտիր նախագահին։ Խորհրդարանը յոթնօրյա ժամկետում բաց քվեարկությամբ կընտրի նոր վարչապետին, ու թեև մինչ օրս Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի հստակեցրել, թե ինչով է զբաղվելու ապրիլի 9-ից հետո, մի շարք հանրապետականներ արդեն հայտարարել են, որ պատրաստ են վարչապետի պաշտոնում առաջադրել նրա թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG