Այսօր ավարտվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշումը կհրապարակվի վաղը կեսօրին:
Բաբայանը պահանջում է արդարացնել իրեն, բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով նա վեց տարվա ազատազրկման է դատապարտվել մի խումբ անձանց ապօրինի զենք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել դրդելու, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ ձեռք բերելու մեղադրանքներով:
Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը նորից հայտարարեց, որ գործը պատվեր է, վերից վար՝ շինծու, պատվիրատուների անուններ, քաղաքական հայտարարություններ հնչեցնելուց, սակայն, կրկին ձեռնպահ մնաց:
Սամվել Բաբայանը դատարանին հորդորեց արդար որոշում կայացնել՝ զգուշացնելով, որ երբևէ այդ մեղքը իր վրա չի վերցնելու, բողոքը տանելու է բոլոր ատյաններով: «Սա գործ չի, սա սարքած գործ ա, շինծու, էդ շինծու գործը փորձում են իրականացնել իրանց ուզած ձևի: Ես ձեզ կոչ եմ արել մինչև էս, նորից եմ կոչ անում ուշադիր լինել, ես ատյան-ատյան գնալու եմ մինչև վերջ: Ես մեղքը իմ վրա ես չեմ վերցնելու, էս ցիրկը բերեք թարգենք», - հայտարարեց ԼՂ պաշտպանության նախկին նախարարը:
Քաղաքական հայտարարություններ արեց Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանը: Նա, մասնավորապես, բաց տեքստով ասաց, որ իրեն զգուշացրել են, թե ձերբակալելու են, քանի որ Էջմիածնում բացել էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբը:
Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը «Իգլա»-ի գործով Սանասար Գաբրիելյանին դատապարտել է երեք, Արմեն Պողոսյանին («Ժորիկ» մականունով)՝ երկու տարվա ազատազրկման:
Մանրամասները՝ քիչ անց