2017 թվականին մաքսային ոլորտում Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) իրականացրած բարեփոխումներն ազդել են բիզնեսի գործունեության բարելավման վրա, ինչը կարելի է տեսնել նաև մուտքերի ցուցանիշում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ Ավետիքյանը նշել է, որ 2017-ին պետական բյուջեի մաքսային մուտքերը կազմել են 318,3 միլիարդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 60.2 միլիարդ դրամով կամ 23.4 տոկոսով:
Ըստ ՊԵԿ փոխնախագահի՝ արդեն 2018-ի հունվարին մաքսային մարմինները պետական բյուջե են ապահովել ավելի քան 18 մլրդ դրամ, ինչն ավելի քան 3 մլրդ դրամով կամ 20 տոկոսով գերազանցում է 2017-ի տարեսկզբի ցուցանիշը: Ընդ որում, մուտքերի աճը հնարավոր է եղել ապահովել մեքենաների, սարքավորումների և հումքի ներկրման համար սահմանին ԱԱՀ չգանձելու պայմաններում:
«Հունվարի 1-ից նոր օրենքի գործարկման արդյունքում 2018թ. հունվարին ներմուծված ավելի քան 13.2 մլրդ դրամի արտադրական մեքենաների և սարքավորումների մաքսային արժեքից չի հաշվարկվել մոտ 2.6 մլրդ դրամի ԱԱՀ: Սահմանին ավելացված արժեքի հարկ չգանձելու և մի շարք այլ նախաձեռնություններով նվազեցվել է տնտեսվարողների ֆինանսական բեռը՝ նրանց հնարավորություն տալով ավելացնելու շրջանառու միջոցները՝ ուղղելով բիզնեսի հետագա զարգացմանը», - ընդգծել է Սամվել Ավետիքյանը:
Բիզնես միջավայրի բարելավման նպատակով 2017թ.-ից կիրառվում է ներմուծվող ավտոմեքենաների գնահատման սկզբունքորեն նոր մոտեցում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը վստահեցրել է, որ ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացն այսօր տևում է միջինում 20 րոպե. - «Մաքսային մարմնի կայքէջում արդեն տեղադրվում է ավտոմեքենաների մաքսային արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ առաջիկայում հասանելի է լինելու նաև ավտոմեքենաների մաքսային արժեքների ավտոմատ հաշվիչը»:
Ավետիքյանի փոխանցմամբ՝ 2018-ին նախատեսվում է ամբողջովին էլեկտրոնային դարձնել մաքսային հայտարարագրումը, փաստաթղթերի ներկայացումն ու պահպանումը՝ ներդնելով «կանաչ ուղի» ընթացակարգով բաց թողնման ինքնաշխատ համակարգ: