Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա... Սուրբ Հարության տաճարում


Երուսաղեմ - Ճրագալույցի արարողություն Սուրբ Հարության տաճարում, արխիվ

Ավետյաց երկրից փոքր-ինչ անսպասելի հաղորդագրություն է ստացվել Սուրբ Հարության տաճարում բողոքի միջոցառման մասին: Սրբատեղիի համար պատասխանատվություն կրող Հռոմի կաթոլիկ, Հույն ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները հայտնել են, որ տաճարը միառժամանակ փակ կլինի: Այդպես եկեղեցիները բողոք են հայտնում հարկային նոր քաղաքականություն և հողերի օտարում իրականացնելու Իսրայելի իշխանության մտադրության դեմ:

«Այսօր ես ստացել եմ Սուրբ Հարության տաճարը փակելու մասին հունական, հայկական և կաթոլիկ եկեղեցիների կարգադրությունը, քանի որ Երուսաղեմի քաղաքապետարանը պահանջում է բարձրացնել եկեղեցու հարկերը», - ասել է համալիրի դռնապան Վաջիհ Նուսեբյեհը:

Սուրբ Հարության տաճարը համարվում է մոլորակի քրիստոնյաների կարևորագույն սրբատեղին: Այն բաժանված է քրիստոնեական մի քանի եկեղեցիների միջև, այստեղ հսկողություն, մաքրություն և ծիսակարգեր են կատարում ուղղափառները, կաթոլիկները, հայ առաքելականները, ղպտիները, ասորիներն ու եթովպիացիները:

Քրիստոնեական եկեղեցիները հարկային նորամուծությունները համարում են «Սուրբ Հողում քրիստոնյաների դեմ ուղղված աննախադեպ ճնշում»:

Կիրակի ուշ երեկոյան Իսրայելի կառավարությունը պետք է ժողով գումարեր և քննարկեր այս հարցը:

Երուսաղեմի քաղաքապետարանը չեղարկել է եկեղեցիները հարկերից ազատելու կարգը և վճարումներ է պահանջում: Բացի այդ, քաղաքապետարանը ցանկանում է հաստատել անշարժ գույքի օտարման կարգը, պնդելով, թե այդպես փորձում է երաշխավորել բնակիչների իրավունքները և կանխել մասնավոր ընկերությունների կողմից վարձակության պայմանագրերը չերկարացնելու վտանգը: Խոսքը այն տարածքների մասին է, որոնք եկեղեցիները վաճառում են մասնավոր ընկերություններին:

Եկեղեցիները և խոշոր սեփականատերերը պնդում են, որ օրենքի ընդունումը կվանի տարածքներ գնելու մտադրություն ունեցող մասնավոր անձանց և ընկերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG