Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը փետրվարի 24-ին ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Արամ առաջինը ողջունել է նրա թեկնածությունը՝ շեշտելով, թե Հայաստանի ներքին կյանքին և Սփյուռքին լայն ծանոթ լինելով, ինչպես նաև ակադեմական ու տնտեսական ոլորտներում ունեցած իր հարուստ փորձառությամբ ու միջազգային շրջանակների հետ իր հարաբերությամբ, որպես նախագահ, Արմեն Սարգսյանը կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։
Արամ առաջինը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանն իր նկատմամբ ժողովրդի վստահությունը ի սպաս կդնի Հայաստանի Հանրապետության առավել հզորացմանն ու ծաղկմանը։
Նախագահի թեկնածուն Վեհափառ հայրապետի ներկայությամբ նաև հանդիպել է Ազգային կենտրոնական վարչության և Կաթողիկոսարանին առնչվող մարմինների ու հանձնախմբերի ներկայացուցիչների հետ։
Հիշեցնենք՝ ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Նոր նախագահին մարտի սկզբին կընտրի Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով: