Մատչելիության հղումներ

Փողոցը չնախատեսված հատվածով անցնելու համար քաղաքացիները կտուգանվեն 5,000 դրամով


Փողոցը չնախատեսված հատվածով անցնելու համար ոստիկանությունը քաղաքացիներին տուգանում է 5,000 դրամով: 3,000 դրամով էլ կտուգանվեն նրանք, ովքեր անցել են անցումով, բայց կարմիր լույսի տակ։ Եթե քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չլինի, ապա ոստիկանները նրան կտեղափոխեն մոտակա բաժին՝ անձը պարզելու և տուգանելու համար։

Ոստիկանների խոսքով՝ խնդիրն հատկապես առկա է Երևանի փոքր կենտրոնից դուրս թաղամասերում, արդյունքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվում՝ երբ հետիոտնի՝ փողոցը սխալ տեղով անցնելու պատճառով վթար է լինում։

Երևանի Շենգավիթ թաղամասում օրինակ քաղաքացիներից շատերը տուգանքների մասին չէին էլ լսել։ Բագրատունյաց-Արտաշեսյան փողոցների խաչմերուկում` անմիջապես վերգետնյա անցումի տակով, քաղաքացիները այսօր անդադար անցնում էին փողոցը։ Միայնակ, զույգերով, նույնիսկ ընտանիքներով։ Անգամ տեղեկացնելուց հետո, որ խախտում են անում, նրանք շարունակում էին անցնել փողոցը։

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նախորդ տարի գրանցված ճանապարհատրանսպորտային պատահարների մոտ 30 տոկոսը՝ 1,010 դեպքը հետիոտնի վրաերթ է եղել, կեսից ավելին՝ 696 դեպքերում վրաերթի պատճառը հետիոտնի կողմից սխալ տեղով փողոցն անցնելն է։ - «Փորձել ենք՝ այդ ժամանակահատվածում, հնարավոր բոլոր միջոցներով՝ և՛ խախտում կատարող մարդկանց հետ զրուցելով, և՛ բարձրախոսի օգնությամբ դիտողություններ անելով, որպեսզի նրանց մոտ ձևավորենք մշակույթ, որպես երթևեկության մասնակից», - պատմեց նա:

Ճանապարհային ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանի խոսքով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին նման դեպքերն ավելի են շատացել, այդ պատճառով էլ մոտ տասն օր առաջ կրկին սկսեցին կիրառել տուգանքները։ Մաթևոսյանը կարծում է, որ քաղաքացիները տուգանքներից տեղյակ են։ Գնդապետը շեշտում է՝ հետիոտները ճանապարհային երթևեկության մասնակից են և իրենք այսուհետ վարորդների նման նաև նրանց են կանգնեցնելու:

Ճանապարհային ոստիկանության մայոր Եղիշե Գևորգյանը պատմեց, որ առայժմ հիմնականում զգուշացնում են հետիոտններին։ Թե ինչո՞ւ են փողոցը սխալ տեղով անցնում՝ պատճառաբանություն միշտ կա՝ շտապում են, ոտքն է ցավում, չգիտեն, որ օրենք են խախտում և այդպես շարունակ։

Թաղամասերից մեկում էլ ոստիկանների պնդմանը, որ խախտում են անում, քաղաքացիները ասացին, որ գետնանցումը կեղտոտ է, վատ հոտ է գալիս, այդ պատճառով չեն օգտվում։ Ոստիկանները խոստացան քայլեր ձեռնարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG