Մատչելիության հղումներ

Գյումրիում շենքի փլուզումից հետո մարզպետն ասել է՝ այլևս չեն ենթարկվելու բնակիչների «կապրիզներին»


Գյումրիում փլուզված շենքը, 23-ը փետրվարի, 2018 թ․

Գյումրիի կենտրոնում գտնվող «Տեքստիլ» կոմբինատի նախկին հանրակացարանի կիսաքանդ շենքում անցած գիշեր ժամը 3:30-ի սահմաններում հերթական փլուզումն է գրացվել: 4-րդ աստիճանի վթարային շենքն արդեն մի քանի անգամ ինքնափլուզվել է: Առաջին անգամ ճակատային մասն էր փլուզվել, հետո նաև բակի կողմից շենքի միջնամասը: Փողոցի կողմից նայելիս չես էլ պատկերացնի, որ այն խիստ վտանգավոր է ապրելու համար, սակայն քանդման ենթակա շենքում 8 ընտանիք է ապրում:

Բնակիչներին գիշերը փրկարարները տարհանել են, քանի որ ներսում գտնվելն, ըստ մարզի փրկակարական վարչության պետ Արթուր Կարպետյանի, կյանքի համար խիստ վտանգավոր է: «Ընդհանուր թվով 11 քաղաքացի, որոնցից 2-ը անչափահաս, տեղափոխել ենք անվտանգ գոտի, բայց նրանք նորից վերադարձել են, չնայած ամեն վարկյան կարող է փլուզվել»,- ասաց Կարապետյանը:

Շենքում բնակվող 8 ընտանիքից 2-ն ունեն անօթևանի կարգավիճակ: Ընտանիքներին ամեն անգամ տեղի ունեցած փլուզումից հետո առաջակվել է այլ բնակարաններ գտնելու տարբերակներ, սակայն այդպես էլ վերջնական համաձայնության չեն եկել: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրայանն այցելելով փլուզված շենքի տարածք՝ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այլևս չեն ենթարկվելու բնակիչների «կապրիզներին»: «Երկու ընտանիքների տրված է եղել բնակարանների գնման վկայագիր, հրաժարվել են: Դա գործող մեխանիզմ է: Հիմա եթե կյանքի խնդիր է դրված, պետք է արդեն այդ կապրիզին ուշադրություն չդարձնենք»,- ասաց մարզպետը:

Ամենահամառը թերևս 2 միայնակ տարեցներն են, ովքեր վթարային շենքում նույնիսկ այսօր գրանցած փլուզումից հետո են իրենց բնակարաններ վերադարձել․ «Մեզ հո չե՞ն կարա զոռով դուրս հանեն»:

Շիրակի մարզպետը տեղեկացրեց, որ շենքը «միանշանակ» ապամոնտաժվելու է, քաղաքապետարանը շենքի սեփականատիրոջը քանդման թույլտվությունը տվել է վերջնաժամկետով: Վթարային շենքի բնակիչներին քաղաքապետարանը մի քանի անգամ տարբերակներ է առաջարկել, սակայն վերջիններս կտրականապես հրաժարվել են, ասաց քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետ Վարդգես Սամսոնյանը:

Շիրակի մարզում 118 վթարային շենք կա, որոնցից 88-ը միայն Գյումրիում: Վթարային շենքերի մեծ մասը բնակեցված է, մինչդեռ, որոշ շենքերում բնակվելը խիստ վտանգավոր է: Շիրակի մարզպետարանն ամեն տարի վթարային շենքերի ամրացման կամ քանդման ծրագիր է ներկայացնում, բայց կառավաությունն ամեն տարի հարցը հետաձգում է:

Այս տարի ևս ներկայացրել են 2019-ից 2021 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով 42 վթարային շենքի ապամոնտաժում: 874 ընտանիքի համար առաջարկվում է իրականացնել ԲԳՎ (Բնակարանների գնման վկայագիր) ծրագիր, որն ավելի էժան տարբերակ է, քան շենքերի ամրացումը: Մարզպետարանի հաշվարկներով՝ այս տարբերակով կառավարությունը շուրջ 3 մլրդ դրամ կտնտեսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG