Մատչելիության հղումներ

2017-ին, նախորդ տարվա համեմատ, գյուղատնտեսության անկումը կազմել է 3 տոկոս


2017 թվականին Հայաստանում նկատելիորեն կրճատվել են ցանքատարածությունները, անկում է ապրել բերքատվությունը, պակասել է խոշոր եղջավոր կենդանիների ու ընտանի թռչունների գլխաքանակը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, անցած տարի, 2016-ի համեմատ, ցանքատարածությունները կրճատվել են 16.6 տոկոսով: Եթե 2016 թվականին Հայաստանում ցանքային տարածությունները կազմել են 353.4 հազար հեկտար, ապա անցած տարի՝ 294.5 հազար հեկտար: Ընդ որում, նկատելիորեն կրճատվել է ցորենի ցանքատարածությունը․ 2016-ին այն կազմում էր 108.7 հազար հեկտար, անցած տարի՝ 82.4 հազար կամ 24.1 տոկոսով պակաս:

Նույնը խաղողի պարագայում․ 2016-ի 17.1 հազար հեկտարի փոխարեն 2017-ին խաղողի ցանքատարածությունը կազմել է 15.8 հազար հեկտար:

Անկում կա բերքատվության գծով: Օրինակ, նույն ցորենի պարագայում եթե 2016-ին մեկ հեկտարից ստացել են 32.4 ցենտներ ցորեն, ապա անցած տարի զգալիորեն քիչ՝ 21.8 ցենտներ:

Անցած տարի խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը հայաստանյան գյուղատնտեսությունում կրճատվել է ավելի քան 45 հազարով՝ 2016-ի 701.5 հազարից 2017-ին այդ թիվը դարձել է 655.7 հազար կամ 6.5 տոկոսով պակաս: Անցած տարի, 2016 թվականի համեմատ, անկում է ապրել նաև ոչխարների ու այծերի, ինչպես նաև ընտանի թռչունների գլխաքանակը՝ համապատասխանաբար 6.5 տոկոսով (ավելի քան 727 հազար) և 3.2 տոկոսով (3 միլիոն 814 հազար):

Որպես այս ամենը ընդհանրացնող թիվ, նշենք, որ անցած տարի, 2016 թվականի համեմատ, գյուղոլորտում անկումը կազմեց 3 տոկոս:

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, Հայաստանի գյուղատնտեսությունում նկատվող անկման պատճառը Կառավարության անբավարար աջակցությունն է․ - «Չնչին է: Եթե համեմատում ենք ռուսական ֆերմերին, որի արտադրանքի ինքնարժեքի մոտ 40 տոկոսը սուբսիդավորվում է: Եվ այստեղից գալիս է մեր դժբախտությունը՝ շուկա ենք կորցնում, չենք կարողանում մրցունակ լինել»:

Նա համաձայնեց դիտարկմանը, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանն այս ոլորտում զիջում է․ - «Իհարկե: Տեսեք Ռուսաստանի ֆերմերի վիճակը, որի արտադրանքի 40 տոկոսից ավելին պետության կողմից սուբսիդավորվում է: Այսինքն, եթե մեր ֆերմերի համար մեկ կիլոգրամ ցորենի արժեքը 70 դրամ է ինքնարժեքը, կամ 60 դրամ է, ռուս ֆերմերի մոտ 30 դրամ է: Եվ այսօր մրցել հնարավոր չէ ուղղակի»:

Գյուղոլոտին հատկացվող աջակցությանը Կառավարությունում անդրադարձան նախորդ նիստում: Լրագրողների հետ հանդիպմանը Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը մանրամասնեց, որ այս տարի ևս սուբսիդավորվելու են պարարտանյութը և դիզվառելիքը․ - «Կտրամադրվի 360 միլիոն դրամ, ձեռք կվերբի մինչև 6 միլիոն լիտր դիզելային վառելիք, սուբսիդավորման գումարը կկազմի մեկ լիտրի հաշվով 60 դրամ: Կտրամադրվի մինչև 3 հեկտար հողատարածք ունեցող հողօգտագործողներին»:

Գյուղերում նույնպես բավարար չեն համարում Կառավարության այս քայլերը: Արագածոտնի մարզի Արտենի գյուղում բնակիչները օրերս «Ազատությանը» պատմում էին այն խնդիրների մասին, որոնք, նրանց ներկայացմամբ, տարիներով շարունակում են խոչընդոտ հանդիսանալ:

«Կանալի տակի հիսուն տոկոս հողերը չեն մշակում մարդիկ: Թանկացման պատճառով», - ասել էր նրանցից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG