The Washington Post պարբերականի փոխանցմամբ, «Վագներ» անվամբ մասնավոր ռուսական ռազմական ընկերության հովանավորը համարվող նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամ-գործարար Եվգենի Պրիգոժինը Դեյր էզ-Զորում վագներականների ձախողված գրոհից օրեր և շաբաթներ առաջ ակտիվ քննարկումներ է անցկացրել և՛ Կրեմլի, և՛ Դամասկոսի հետ: Այդ մասին The Washington Post-ին հայտնել է ամերիկյան հետախուզության անանուն աղբյուրը:
Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը Բաշար ալ-Ասադին սատարող ուժերը, որոնց մեծամասնությունն, ինչպես հետագայում է պարզվել, հենց վագներականներն էին, փորձել է գրոհ նախաձեռնել ամերիկացիների աջակցությունը վայելող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միավորման դիրքերի ուղղությամբ, ինչն ավարտվել է ջախջախիչ և նվաստացուցիչ պարտությամբ:
Զոհվել են առնվազն մի քանի տասնյակ վարձկաններ, կան մեծ թվով վիրավորներ: Մոսկվան, ի վերջո, ընդունել է Սիրիայում ռուսների և ԱՊՀ երկրների ներկայացուցիչների զոհվելու փաստը, սակայն կոնկրետ վիճակագրություն չի հրապարակել:
Շատերին է հետաքրքրում, թե ռուսական ո՞ր ավաններում են հողին հանձնել սպանվածներին, ո՞րտեղ են բուժում ստանում մղձավանջը վերապրածները, մինչդեռ ոչ պակաս ուշագրավ են ձախողված օպերացիային նախորդած զարգացումները:
Ըստ ամերիկյան հետախուզության, Պուտինի բարեկամ Պրիգոժինը մի անանուն սիրիացի պաշտոնյայի հաղորդել է, որ ռուսաստանցի անանուն նախարարից ստացել է փետրվարի սկզբին «արագ և հուժկու հարձակում անցկացնելու թույլտվություն»:
Այդ նամակագրությունից բխում է, որ ռուսները սիրիական կողմի հավանությանն են սպասում: Հունվարի 30-ին Պրիգոժինն իր սիրիացի գործընկերոջը հայտնել է որ «ունի Ասադի համար լավ անակնկալ, այն կլինի փետրվարի 6-ից 9-ը»:
Ամերիկացիները հայթայթել են մեկ այլ հաղորդագրություն, ըստ որի՝ Սիրիայի կառավարության նախարար Մուհամադ Ֆադլալահ Ազամն օպերացիայի հաջողության դեպքում Պրիգոժինին դրամական պարգև է խոստացել:
Ամերիկյան հետախուզական աղբյուրների փոխանցմամբ, հենց այդ ընթացքում նկատելիորեն ավելացել են Պրիգոժինի հեռախոսային զրույցները Կրեմլի պաշտոնյաների, այդ թվում Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի և նրա տեղակալ Վլադիմիր Օստրովենկոյի հետ: Զրույցները տեղի են ունեցել մինչև փետրվարի 5-ը, ապա շարունակվել են փետրվարի 7-ի արյունալի մարտից հետո:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մաթիսը և ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Ջեֆրի Հարիգիանը փոխանցել են, որ ամերիկյան հետախուզությունը փետրվարի 7-ին նախորդող օրերին նկատել է Ասադին սատարող ջոկատների ակտիվացումը Դեյր էզ-Զորի շրջանում:
Ամերիկացիները կապի հատուկ գծով ռուսներին փոխանցել են, որ Ասադի գրոհին կոշտ պատասխան կտրվի: Ռուսական կողմը հավաստիացրել է, թե որևէ տեղեկություն չունի հնարավոր գրոհի մասին և որ Դեյր էզ-Զորում ռուսներ չկան: Ամերիկացիներն էլ փաստորեն ոչնչացրել են արագ հարձակման փորձ կատարած հակառակորդին:
Ռուսաստանի արտգործնախարարությունն ընդունել է մի քանի տասնյակի հասնող կորուստների փաստը, սակայն ընդգծել է, որ զոհվածների և վիրավորների թվում Ռուսաստանի զինված ուժերի ծառայողներ չկան:
Ռուսական աղբյուրների համաձայն, ЧВК Вагнер ընկերության մարտիկների թիվը մոտ 3 հազար 600 է: Ընկերության հետ պայմանագիր են կնքում բանակի և ներքին գործերի նախկին ծառայողները: Նրանց զգալի մասը սոցիալական կարիքներից դրդված է դիմում այդ քայլին, բայց կան նաև վարձկաններ, ովքեր պարզապես բավականություն են ստանում ռիսկից:
Մոսկվան հերքում է վարձկաններին աջակցելու հանգամանքը, սակայն, ըստ վերլուծաբանների, առանց պետական ֆինանսական աջակցության և ռուսական բանակի կադրային զինծառայողների օգնության ու, հավանաբար, նաև անմիջական մասնակցության, այդ կառույցը չէր գոյատևի:
Reuters-ի պնդմամբ, անցյալ տարի Սիրիայում զոհվել է ռուսական կանոնավոր բանակը չներկայացնող 131 մարդ: Ռուսաստանցի լրագրողները ենթադրում են, որ Սիրիայում վարձկանը կարող է ամեն ամիս վաստակել մոտ 240 հազար ռուբլի:
Ուստի՝ 2,5 տարվա ընթացքում սիրիական պատերազմի մասնակից վարձկանների ռոճիկի համար տրամադրված գումարը կարող է կազմել մոտ 12 միլիարդ ռուբլի: Հանդերձանքի, զենքի և ուսումնական հավաքների համար հատկացվող գումարի մասին ստույգ տեղեկություններ չկան:
Չի բացառվում, որ առաջիկայում ռուսները դուրս հանեն վագներականներին Սիրիայից, քանի որ նրանց արդյունավետությունը բարձր չէ, իսկ պետության վարկին հասցրած վնասը շատ զգալի է:
Ի պաշտոնե Ռուսաստանում չեն կարող գոյություն ունենալ մասնավոր ռազմական կառույցներ: Եթե վագներականը հրազենային վնասվածքով հայտնվի քաղաքացիական հիվանդանոցում, ապա բուժհիմնարկը պարտավոր կլինի այդ մասին հայտնել ոստիկաններին, ինչի արդյունքում վարձկանը՝ առնվազն տեսականորեն, կարող է ենթարկվել դատական պատասխանատվության: