Մատչելիության հղումներ

Լոռու մարզի գյուղերում շատերը դժգոհ են դեղերի ձեռք բերման նոր կարգից


Մեծավանի դեղատանը
Մեծավանի դեղատանը

Լոռու մարզի Մեծավան գյուղի կենտրոնում փտած պատերով մի փոքրիկ փայտե տնակ կա, որտեղ արդեն ավելի քան 10 տարի է դեղեր են վաճառում։ Վաճառողը, ով չցանկացավ ներկայանալ, սրտնեղած է՝ իր դեղատան հնամաշ պահարանում շարված ապրանքն իրացնելու խնդիրները մեկը մյուսի հետևից ավելանում են, դեղերի մասին նոր օրենքն էլ ավելի է անորոշ դարձնում բիզնեսի ապագան:

Դեղատանը վերարկուով նստած վաճառողը վստահեցնում է՝ օրինական դաշտում են գործում, չջեռուցվող տնակում դեղերի պահպանման պայմաններ չի խախտում։ «Մարդիկ օրենքները չխախտելով են օրինազանց դառնում, մնաց, թե խախտեն»,- դժգոհում է դեղավաճառը։

Դեղատնից քիչ հեռու մեծավանցիների մի խումբ թղթախաղով էր զբաղված։ Բժշկների նկատմամբ վստահությունը կորցրած գյուղացիները կարծում են, թե դեղերի մասին նոր օրենքը ոչ թե իրենց, այլ վերևների օգտին է՝ «տուժողը ժողովուրդն է, հիվանդներն են», «օդից փող են շինում, ժողովրդի համար ոչ մի բան»:

Ըստ նոր կարգավորումների, դեղատոմսի համար մոտակա գյուղերի բնակիչները ստիպված են լինելու Տաշիր քաղաք հասնել․ այդ գյուղերում կա՛մ բուժկետ չկա, կա՛մ էլ գյուղի միակ բուժքրոջից դեղատոմս չեն կարող ստանալ, բժիշկներն էլ ամիսը մեկ անգամ են այցելում։ Նորաշեն և Մեծավան գյուղերի բնակիչները միմյանց լրացնելով պատմում էին, թե ինչպես են ժամերով հերթ կանգնում գյուղից առնվազն 10 կմ հեռավորությամբ գտնվող պոլիկլինիկայում, ինչպես են տասնյակ հազարներ վճարում հիվանդանոցներում և ինչու չեն վստահում առողջապահական համակարգին․ «Կոնսուլտացիան 5 հազար դրամ են վերցնում, գնամ ի՞նչ անեմ»:

Նորաշենցի 68-ամյա Իշխան Բաղդասարյանը, ով պոլիկլինիկաների հերթերին լավ ծանոթ է, ասում է՝ դեղատոմսով դեղեր ձեռքբերելու նոր կարգը գյուղացու համար հավելյալ հոգս է։ «Էն օրը մի դեղ էր պետք, գնացել եմ 2 ժամ նստել եմ»,- ասում է Բաղդասարյանը:

Մինչդեռ՝ բժշկական կենտրոնների ղեկավարները գոհ են նոր կարգից։ Վերջապես ինքնաբուժումը կբացառվի Հայաստանում, ասում է երեք գյուղեր սպասարկող՝ Մեծավանի առողջության կենտրոնի տնօրեն Ասյա Չոբանյանը։ «Ծնողներ կան, ասում են՝ գնացինք, մի հատ անտիբիոտիկ էլ չնշանակեցին ու վազում են դեղատուն: Իսկ դեղատանը ձեռնտու է անտիբիոտիկ վաճառելը»,- ասում է Չոբանյանը:

Տաշիր քաղաքն ու շրջակա գյուղերը սպասարկող բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Ալլա Մկրտչյանն էլ հավելյալ հետազոտությունների համար գումար ու ժամանակ չունենալու մասին գյուղացիների մտահոգություններին հակադարձում է՝ այդ գումարը գտնելը ճիշտ է՝դժվար է, բայց անհնարին չէ:

Տաշիրի բժշկական կենտրոնի բժիշկ Ժաննա Ամբարջանյանը կեսօրից հետո, երբ արդեն միջանցքներում հերթեր չկային, հաշվում էր՝ այսօր 22 հիվանդ է ընդունել։ Ասում է՝ պարտադիր դեղատոմսերի կարգի գործարկումից հետո էլ շունչ քաշելու ժամանակ չի ունենա։

Ավելացող գրագրությունից ու հերթերից մտահոգվող բժիշկը նշում է՝ մեկ ամսվա փոխարեն, նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, յուրաքանչյուր 10 օրը մեկ պարտադիր կընդունի նաև քրոնիկ հիվանդներին․ «Մինչև հիմա դուրս էի գրում մեկ ամսով»:

Թե ինչպես կյանքի կկոչվի օրենքը և ով կշահի դրանից, կարծիքները տարբեր են, բայց շատ գյուղացիներ թերահավատ են, թե երբևէ իրենք շահած դուրս կգան․ «Սաղ սուտ բան ա, էս երգիրը քարուքանդ է եղնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG