Մատչելիության հղումներ

Թուրքիան թվայնացրել է երկրի բնակչության գրանցամատյանների արխիվները


Թուրքիա - Տեսարան Ստամբուլից
Թուրքիա - Տեսարան Ստամբուլից

Թուրքիայի կառավարության թվայնացրել է երկրի բնակչության գրանցամատյանների արխիվները, և կառավարության կայքում փետրվարից մի հավելված է գործում, որտեղ Թուրքիայի քաղաքացիները կարող են լրացնել իրենց անձնական տվյալները և տեսնել իրենց տոհմածառը՝ ովքեր են եղել իրենց նախնիները:

Մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր քաղաքացիներ են այցելել կառավարության կայք՝ պարզելու իրենց արմատները: Ինտներնետային թրաֆիքն այնքան շատ էր, որ կայքը կախվել էր: Կարծիքներ են հնչել, որ պետք չէ այն վերաբացել, ծագումնաբանությունն իմանալը ոչ մի լավ բան չի տա:

Փետրվարի 14-ից այն նորից վերագործարկվել է, ու արդեն ավելի քան 8 միլիոն մարդ է մտել կառավարության կայք՝ պարզելու իր արմատները:

Բազմաէթնիկ, բազմամշակութային Թուրքիայում նախնիների ինքնության բացահայտումները լայն քննարկման առարկա են դարձել, շատերը շոկի մեջ են ընկել, որովհետև կարծում էին, թե իրենք զտարյուն թուրք են, սակայն պարզվել է՝ հայ են, հույն, ասորի, կամ դավանափոխ մարդկանց ժառանգներ: Մի մասն էլ ուրախացել է, որովհետև եվրոպական որևէ երկրի քաղաքացիություն ստանալու հնարավորություն է բացվում:

Hurriyet Daily News-ը գրում է, որ Թուրքիայի շատ քաղաքացիներ արդեն քայլեր են ձեռնարկում երկրորդ քաղաքացիությունը ստանալու համար, քանի որ պարզել են՝ իրենց նախնիները Բուլղարիայից են, Հունաստանից, Ռումինիայից կամ Մակեդոնիայից ու Բոսնիա և Հերցեգովինայից:

«Բացված է Պանդորայի արկղը»՝ վերնագրված է «Ակօս»-ում:

Al-Monitor-ը գրում է, որ դեռ 2004-ին, երբ «Ակօս»-ի խմբագիր Հրանտ Դինքը գրել էր, թե Թուրքիայի առաջին զինվորական կին օդաչուն՝ Սաբիհա Գյոքչենը ծագումով հայ է, այս և այլ հրապարակումների պատճառով ընկել էր արդարադատության նախարարության հետաքննության տակ:

Դինքը սպանվեց 2007-ին, սպանության պատճառներից մեկն էլ այն էր, որ հայկական հարցի ակտիվ ջատագովն էր:

Դինքի օրինակով Al-Monitor-ը ցույց է տալիս, թե Թուրքիայում որքան վտանգավոր է, կամ անպատվաբեր է համարվում հայ, կամ այլազգի լինելը:

Սոցցանցերը լի են մռայլ մեկնաբանություններով՝ «ծպտյալ հայերը, հույներն ու հրեաները կբացահայտվեն», կամ «դավաճանները վերջապես կիմանան իրենց ծագումը»:

Ծագումով հայ լրագրող, սյունակագիր Հայկո Բաղդատը Al-Monitor-ին ասել է, որ 1915 թվականի ցեղասպանության ընթացքում շատերը նաև կրոնափոխ են եղել, տարհանվածների թվում հազարավոր երեխաների մի մասը փրկվել է՝ այլ երկրներ հասնելով, բայց մի մասը բանդաների ձեռքը գերի է ընկել, ենթարկվել սեռական ու աշխատանքային ստրկության:

«Հասարակությունը դեռ պատրաստ չէ ընդունել այդ իրականությունը, պատկերացրեք, այս երկրի կրոնական գործերի տնօրեն Լյութֆի Դողանը Հայոց պատրիարք Շնորհք Գալուստյանի եղբայրն է: Ցեղասպանության ժամանակ Գալուստյանի մայրը երեխաներին հեռու է ուղարկել, իսկ ինքը իսլամ է ընդունել: Ավելի ուշ նա ամուսնացել է Դողան անունով մարդու հետ, երկու աղջիկ ու մի տղա ունեցել: Տղան Լյուֆթի Դողանն է: Երբ մայրը մահացել է, Բեյրութից ազգական է եկել հուղարկավորությանը: Երբ նա հոգևորականի հագուստով ներս է մտել՝ բոլորը պապանձվել են», - ասել է Հայկո Բաղդատը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG