Մատչելիության հղումներ

Թուրքիան դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի կայացրած որոշումները


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան խստորեն դատապարտել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումները, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

«Սրեբրենիցայի ցեղասպանությունը կողքից դիտող երկրի խորհրդարանի կայացրած անհիմն որոշումները տեղ չունեն ոչ պատմության, ոչ էլ արդարադատության մեջ։ Այսպիսով դրանք իրավաբանական տեսանկյունից ոչ պարտադիր են, ոչ էլ վավեր»,- ասված է այդ երկրի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

«1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է պատմական փաստերի և իրավական նորմերի վրա: Եվրոպական օրենսդրությունը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները հաստատում են մեր ճշմարտացիությունը։

Եվ ուրեմն մենք հիմք ենք ընդունում Նիդերլանդների կառավարության հայտարարությունը, որ «այն չի հետևելու խորհրդարանին՝ ճանաչելով 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն, և որ Երևան ներկայացուցիչ ուղարկելը չի նշանակում ճանաչել ցեղասպանությունը»»,- նաև հայտարարում է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Նիդերլանդների արտգործնախարար Սիգրիդ Կաագը երեկ քվեարկությունից առաջ հայտարարել էր, որ կառավարությունը չի հետևելու խորհրդարանի որոշմանը։

Հիշեցնենք, Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը քվեների մեծամասնությամբ ընդունել է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի հայերի զանգվածային սպանդը որպես ցեղասպանություն ճանաչելու երկու օրինագիծ:

Ըստ առաջինի, Հոլանդիան վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու 2004 թվականի որոշումը։ Ըստ երկրորդի, ​այս տարվա ապրիլի 24-ին, ապա հինգ տարին մեկ Երևան է գործուղվելու Նիդերլանդների ներկայացուցիչն, ով մասնակցելու է Հայոց Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություններին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG