Մատչելիության հղումներ

Գագիկ Հարությունյանը համարում է, որ ԲԴԽ֊ն պետք է «կոտրի հանրային ու պետական մտածողությունը»


Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կազմում պատրաստվում է կոտրել հանրային ու պետական մտածողությունը:

Սահմանադրական դատարանի գործող նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իշխող կոալիցիայի 5 թեկնածուներից մեկն է։

«Իմ համոզումը հետևյալն է․ եթե մենք չկարողացանք արմատական փոփոխություն կատարել համակարգում՝ ապահովելու համար և՛ ֆունկցիոնալ, և՛ ինստիտուցիոնալ, և՛ նյութական ու սոցիալական անկախությունը մի կողմից, և՛ ընդհուպ հանրային ու նույնիսկ պետական մտածողությունը կոտրել, որ սա դատարանների համակարգ չէ, որը սպասարկում է իշխանությանը, այլ սա իշխանություն է, որը պետք է կարողանա հավասարակշռել և հակակշռել մյուս իշխանության թևերին: Այսինքն, մենք խնդիր ունենք անկախությունը այնպես երաշխավորել, որ դա կարողանա ինքնադրսևորվել որպես ինքնուրույն իշխանություն»:

Հարությունյանը կարծում է, որ Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված են դատական իշխանության անկախությունը ապահովելու երաշխիքները։

Հարցին, թե արդյոք դրանք բավարար են, աձագանքեց․ - «Այսօրվա պարագայում այս մարմինը կկարողանա ստիպել իշխանություններին դրսևորել այդ քաղաքական կամքը: Որովհետև այս մարմնից շատ բան է կախված»:

Գագիկ Հարությունյանը վստահեցնում է, թե պայմանավորվածություն չկա, որ ընտրվելու դեպքում Բարձրագույն դատական խուրհուրդը ինքն է ղեկավարելու․ - «Չեմ կարող ասել, որովհետև խորհրդի այս թեկնածուներից յուրաքանչյուրը կարող է այդ պաշտոնում լինել»:

70-ը բոլորող Հարությունյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1996 թվականից։ Այս տարիների ընթացքում ՍԴ-ը որևէ անգամ համապետական՝ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու ընդդիմության դիմումները չի բավարարել․ - «Որևէ որոշման տակ, որ ստորագրել եմ, ես կստորագրեմ նորից և հիսուն անգամ՝ եթե կրկնվի նույն դիմումը, նույն բովանդակությամբ, նույն փաստարկներով: Դուք շատ հաճախ շփոթում եք երկու բան․ ի՞նչ խոսակցություններ կան հասարակական կարծիքում, և ի՞նչ փաստարկներ կան էն փաստաթղթերում, որ մեզ են ներկայացրել: Էստեղ իրավական գործընթաց պետք է լինի, և մարդիկ գրագետ պետք է կարողանան բերել-ներկայացնել, և չասել՝ դատարան, դու գնա թերություն գտի, անվավեր ճանաչի»:

Հարցին, թե արդյոք 20 տարվա ընթացքում որևէ գրագետ դիմում չի եղել, Հարությունյանն արձագանքեց․ - «Գրագիտության աստիճանը տարբեր է: Քսան տարվա մեջ ընդամենը, եթե չեմ սխալվում, չորս անգամ են դիմել: Որևէ անգամ որոշումը երբ մենք կայացրել ենք, համապատասխան է եղել դիմումին»:

Գագիկ Հարությունյանը այսօր խորհրդարանում էր իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

Նա նախընտրեց չպատասխանեց հարցին, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ արձագանքելով․ - «Էդ թեման չի վերաբերում էս խոսակցությանը»:

Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության վերջին փոփոխություններով, պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը: Խորհուրդի 10 անդամներից 5-ին ընտրելու է Ազգային ժողովը, մյուս 5-ին՝ դատավորների ընդհանուր ժողովը բոլոր ատյանների դատարաններից:

Բարձրագույն դատական խորհուրդն է Հանրապետության նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցմնելու հարցերը, նաև՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը:

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները ստանձնելու օրը կդադարեն Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները։

Գագիկ Հարությունյանը արդեն հաշվել է․ - «Մարտի 23-ին իմ պաշտոնավարման ժամկետը լրանում է: Նրանից հետո մի 10 օր թոշակառու կլինեմ, հետո կստանձնեմ էս պարտականությունները»:

Իշխող կոալիցիայի ներկայացուցիչները Բարձրագույն դատական խորհրդի անդամի 5 թեկնածուներ են որոշել առաջադրել: Գագիկ Հարությունյանից բացի, Հանրապետականներն ու Դաշնակցությունը այդ խորհրդում տեսնում են նաև Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանին, փաստաբան Հայկ Հովհաննիսյանին, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ Սերգեյ Մեղրյանին և Լիպարիտ Մելիքջանյանին։ Վերջինս 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում, ինչպես «Ազատության» հետ զրույցում հաստատեց Արտակ Զեյնալյանը, ընդգրկված է եղել «Ելք» դաշինքի համապետական ընտրացուցակում:

Թեկնածուներից երկուսը՝ Գագիկ Հարությունյանը և Գևորգ Դանիելյանը, հիշեցնեմ, Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում մշակել են ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից քննադատվող սահմանադրության վերջին փոփոխությունները։

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյան․ - «Մենք ընտրել ենք այնպիսի անձինք, որոնք կարողանան այդ դերակատարությունը կատարել»:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու կարող են առաջադրել բոլոր խմբակցությունները, բայց հավանականությունը մեծ է, որ հաջորդ շաբաթ ընտրությանը մասնակցեն միայն իշխող կոալիցիայի 5 թեկնածուները։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 63 պատգամավորի ձայն: Հանրապետականն ու Դաշնակցությունը խորհրդարանում 65-ն ունեն։

«Ծառուկյան» խմբակցությունը, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ամենայն հավանականությամբ, խորհրդի անդամի թեկնածու չի առաջադրի։

«Ելք»-ի որոշումը հստակ է: «Չենք առաջադրի: Քանի որ, ակնհայտ է, որ Հանրապետականի համար ընդունելի են բացառապես իր թեկնածուները, մենք տվյալ դեպքում խնդիր ենք ունենում, որովհետև այդ մարդիկ, ովքեր պիտի պոտենցիալ մեր թեկնածուն լինեն, ինչո՞ւ պիտի համաձայնվեն գան», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը, Սահմանադրության համաձայն, պետք է կազմավորված լինի արդեն մարտի 9-ին։ Թեկնածուների ընտրությունը Խորհրդարանը կկազմակերպի հաջորդ շաբաթ:

Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները կստանձնի հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը՝ ապրիլին 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG