Մատչելիության հղումներ

«Քարերի սիմֆոնիայի» դիմաց կատարվող շինարարական աշխատանքները կասեցվել են


Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի դիմաց կատարվող շինարարական աշխատանքները կասեցվել են՝ շինթույլտվության բացակայության պատճառով: Տարածքը, որտեղ բնապահպանների զայրույթը հարուցած շինարարական աշխատանքներն էին ընթանում, սեփականաշնորհել է տեղի բնակիչ Շմավոն Համբարձումյանը:

«Ստեղ ընդամենը կարող ա չայ տան, կամ սուրճ, էդ էլ եսիմ՝ կտան, թե չէ: Դուք մի մտածեք՝ էստեղ լինելու ա քեֆչիանոց, խորոված, քաբաբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց սեփականատերը:

Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այդ տարածքում թույլատրվում է տեղադրել միայն ժամանակավոր տնակ, բիզնես գործունեությամբ իրավունք չունեն զբաղվելու, ռեստորանային համալիր էլ՝ չի կառուցվի: «Ազատության» հարցին՝ թեյ կամ սուրճ խմելու վայր հնարավո՞ր է կառուցել, պատասխանեց՝ հնարավոր է միայն այն դեպքում, եթե տարածքը չի խանգարի հուշարձանի տեսքին․ - «Եթե կառուցման նպատակն է՝ խթանել զբոսաշրջության զարգացումը, կարելի է մտածել՝ մարդուն թույլատվություն տալ աշխատի: Զբոսաշրջիկ գա, նստի այդ միջավայրում, թեյ կամ սուրճ խմի»:

Զբոսավար Զարուհի Օրբելյանը, ով հաճախ է տուրիստներին ուղեկցում այս հուշարձանի տարածք, ասում է՝ բնական միջավայրում նման շինությունները տուրիզմի զարգացմանը չեն նպաստում․ - «Սուրճ, թեյ մատուցել զբոսաշրջիկին շատ հաճելի է, բայց դա կարելի է անել մուտքի մոտ: Սա մեր երկրի դեմքն է: Այսինքն՝ սա է մեր երկրի մակարդակը, դեմքը, դրանից հետո զբոսաշրջիկին պատմել բարձր մշակույթից, վեհ գաղափարների մասին, ուղղակի ծիծաղելի է»:

Այսօր Գառնիում էր նաև բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը: Մի քանի խնդիրներ թվարկելով՝ նշեց՝ դրանք իրենց ուշադրության կենտրոնում կլինեն․ - «Ունենք նաև օրենքով այլ պահանջներ, մասնավորապես՝ գետի գետի սանիտարական գոտու պահպանման մասով, ինչպես նաև քանի որ նախագիծը պետք է փաստաթղթերի ուսումնասիրությամբ տեսնենք, որքանով է տվյալ կառուցապատումը ազդելու բնության հուշարձանի բնական տեսքի վրա»:

Ու թեև շինարարական աշխատանքները դադարեցված են, տարածքի սեփականատերը պնդում է՝ շարունակելու է կառուցումը: - «Անպայման․․․ ո՞նց կարա խանգարեն, ի՞նչ եմ անում ես, ո՛չ ուրիշի հողի մեջ եմ մտնում․․․ ասել են՝ ամենաշատը կարող եք փայտից անել՝ փայտից եմ անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG