Մատչելիության հղումներ

Մոսկվայում ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնին


Նավալնիի գրառումը «Ինստագրամ» ցանցում Ոստիկանության բաժանմունքից, 22-ը փետրվարի, 2018թ․
Նավալնիի գրառումը «Ինստագրամ» ցանցում Ոստիկանության բաժանմունքից, 22-ը փետրվարի, 2018թ․

Մոսկվայում այսօր ձերբակալվել է ռուսաստանցի ընդդիմադիր, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին:

Ավելի վաղ՝ այսօր կեսօրին, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է նաև Նավալնու շտաբի ղեկավար Լեոնիդ Վոլկովը:

«Նավալնին և Վոլկովը բերման են ենթարկվել հունվարի 28-ի բողոքի ակցիաների գործով», - հայտարարել է Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը:

Այս շաբաթ Մոսկվայի դատարանը տասը օրով ձերբակալել է նաև Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Ռոման Ռուբանովին: Նրան մեղադրանք է ներկայացվել հունվարի 28-ի բողոքի ակցիայի գործի շրջանակներում: Նույն գործով ավելի վաղ 5 և 8 օրով ձերբակալվել էին Նավալնու մամուլի քարտուղար Կիրա Յարմըշը և հիմնադրամի մամուլի քարտուղար Ռուսլան Շավեդիինովը:

Հունվարի 28-ին Ռուսաստանի գրեթե բոլոր մարզերում՝ այդ թվում նաև Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, անցել էին Նավալնու կազմակերպած բողոքի ակցիաները: Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի երթերն արտոնված չէին: Ալեքսեյ Նավալնուն այդ օրը ձերբակալել էին Տվերսկայա փողոցում: Նա հասցրել էր վեց րոպե քայլել իր համախոհների հետ: Նույն օրը՝ երեկոյան, ընդդիմադիր գործչին բաց էին թողել առանց բացատրության: Նավալնին այն ժամանակ հայտարարել էր, որ իրեն բաց են թողել, քանի որ ուզում են հունվարի 28-ի ակցիաների մասով գործ հարուցել ավելի ուշ, որպեսզի ինքը՝ ընդդիմադիր գործիչը, ընտրությունների օրը անազատության մեջ լինի: Նավալնուն հունվարի 28-ին ձերբակալող ոստիկաններից մեկը հայտարարել է, որ ընդդիմադիրը հարվածել է նրա ոտքին ձերբակալության պահին:

Հիշեցնենք՝ Նավալնին կոչ է անում ռուսաստանցիներին բոյկոտել ընտրությունները, սակայն ակտիվ հետևել, թե իրականում ինչքան մարդ է մասնակցելու դրանց: Նավալնին պնդում է, որ իշխանությունների համար չափազանց կարևոր է, թե քանի մարդ է գնալու ընտրատեղամասեր:

Պուտինի միակ ռեալ մրցակիցը համարվող ընդդիմադիր գործչին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ դեկտեմբերին հրաժարվել է գրանցել որպես նախագահի թեկնածու դատվածության պատճառով:

Ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են մարտի 18-ին: Թեկնածուները 8-ն են՝ այդ թվում նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ում վարկանիշն այսօր, հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի՝ ՎՑԻՈՄ-ի տվյալների համաձայն, հասնում է 70 տոկոսի:

Մնացած 7 թեկնածուներից և ոչ մեկը չի կարող մրցել Պուտինի հետ: Նույնիսկ կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինը, ում վարկանիշը որոշ փորձագետների գնահատմամբ օրեցօր աճում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG