Մատչելիության հղումներ

Մոսկվան չի ընդունում մեղադրանքն Արևելյան Գուտայի իրավիճակի համար


ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, արխիվ
ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, արխիվ

Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը մեղավոր չէ Արևելյան Գուտայում (Սիրիա) տեղի ունեցող իրադարձությունների համար:

«Պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր սատարում են այնտեղ գտնվող ահաբեկիչներին, այլ ոչ թե Ռուսաստանը և մեր երկրի հետ միասին ահաբեկիչների դեմ պայքար մղող գործընկերները: Ոչ Ռուսաստանը, ոչ Սիրիան և ոչ էլ Իրանը ահաբեկիչներին չեն սատարում և հենց այդ երկրներն են անհաշտ պայքարում նրանց դեմ», - հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Պեսկովն այդպես արձագանքել է Վաշինգտոնի պնդմանը, որի համաձայն՝ Ռուսաստանը հարվածների է ենթարկում Արևելյան Գուտան:

Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը երեկ տարածել է գրավոր հայտարարություն, որով Վաշինգտոնը Սիրիային և Ռուսաստանին մեղադրում է Արևելյան Գուտան հարվածների ենթարկելու համար: Այդ նամակով ԱՄՆ-ը Ռուսաստանին և նրա գործընկերներին կոչ է անում «հարգել ապառազմականացված գոտիների ու հատկապես Արևելյան Գուտայի վերաբերյալ ստանձնած պարտավորությունները»:

Երեկ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան պահանջել է անցկացնել Անվտանգության խորհրդի նիստ, որը «խորհրդի անդամներին կընձեռի Արևելյան Գուտայի հարցով իրենց տեսակետները ներկայացնելու և ստեղծված իրավիճակից ելքի տարբերակներ առաջարկելու հնարավորություն»:

Ենթադրվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կգումարվի այսօր Նյու Յորքի ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով երեկոյան ժամը 9-ին):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG