Մատչելիության հղումներ

Դատախազություն․ Փոստանջյանի դիմում-բողոքը, լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին հաղորդումը ուղարկվել են ՔԿ


«Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի բակում, 14-ը փետրվարի, 2018թ․
«Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը Երևանի քաղաքապետարանի բակում, 14-ը փետրվարի, 2018թ․

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից ուղարկված դիմում-բողոքը Հայաստանի գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է Քննչական կոմիտե՝ դրանում ներկայացված հանգամանքները արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում քննությամբ ստուգելու և իրավական գնահատական տալու նպատակով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին դատախազությունից:

«Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատանքը կրկին խոչընդոտելու, «Ազատություն» և «Ա1+» լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը «Երկիր Ծիրանի» խմբակցության աշխատասենյակ արգելվելու առերևույթ դրսևորումները վերաբերում են այլ միջադեպի, հաղորդումն այս մասով ուղարկվել է կրկին ՀՀ ՔԿ՝ առանձին վարույթով նյութեր նախապատրաստելու համար», - փոխանցում են դատախազությունից:

«Երկիր Ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյան դիմել է Գլխավոր դատախազին, Հատուկ քննչական ծառայությանը և Մարդու իրավունքների պաշտպանին՝ պնդելով, որ փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպով քրեական գործը պետք է հարուցվեր բոլորովին այլ հատկանիշներով և ոչ թե ծեծի ու խուլիգանության, որոնցով հարուցվել է:

Հիշեցնենք, Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստը վերածվեց ծեծկռտուքի, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Հիշեցնենք նաև, որ այդ միջադեպից օրեր անց քաղաքապետարանում խոչընդոտեցին «Ազատության» և «Ա1+»-ի լրագրողների աշխատանքը՝ պնդելով, թե կարգ է խախտվել: Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրավապահներից պահանջելով քրեական գործ հարուցել նաև լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG