Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցությունն այս շաբաթ ՀՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը. Շարմազանով


Իշխող Հանրապետական (ՀՀԿ) խմբակցությունն այս շաբաթ Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում Ազգային ժողովին կներկայացնի Արմեն Սարգսյանի թեկնածությունը։ Այդ մասին երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Անհրաժեշտ է պատգամավորների մեկ քառորդի ստորագրությունը։ Այս շաբաթվա ընթացքում մենք այդ ստորագրությունները կհավաքենք և արդեն պաշտոնապես կառաջադրենք Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անունից Արմեն Սարգսյանին որպես Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու», - ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, գործող նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ էր խնդրել որոշում կայացնելու համար՝ շեշտելով, թե ցանկանում է մինչ այդ հանդիպել թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հանրության լայն շրջանակների, Լեռնային Ղարաբաղի և Սփյուռքի ներկայացուցիչների հետ:

Փետրվարի 16-ին Արմեն Սարգսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ և տվեց իր համաձայնությունը՝ առաջադրվել որպես նախագահի թեկնածու:

Նշենք, որ մարտի սկզբին սպասվող խորհրդարանական քվեարկության ժամանակ նախագահ ընտրվելու համար, ըստ նոր Սահմանադրության, Արմեն Սարգսյանը պետք է ստանա 105 պատգամավորներից առնվազն 79-ի ձայները։

Հանրապետական կուսակցությունը Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ առաջին փուլով նախագահ ընտրելու համար իշխող կոալիցիային անհրաժեշտ է ևս 14 ձայն: Ու քանի որ «Ելքն» ի սկզբանե հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը, վերջինիս հաղթանակն առաջին իսկ փուլի արդյունքով ապահովելու համար իշխող ուժը հավանաբար կփորձի ստանալ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության առնվազն 14 պատգամավորների ձայները:

Նշենք, որ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչների հետ։

«Եղել է բավականին հետաքրքիր հանդիպում, և «Ծառուկյան» խմբակցությունն ինքը կորոշի ինչպես մասնակցել քվեարկությանը։ Դա բացառապես «Ծառուկյան» խմբակցության իրավունքն է, և մենք հարգանքով կմոտենանք նրանց ցանկացած մոտեցմանը», - ասաց Շարմազանովը՝ նշելով. - «Մենք մարտի սկզբից մինչև մարտի 2-ը կիրականացնենք ընտրություն, միգուցե հենց մարտի 2-ին»։

Նշենք, որ ապրիլի 9-ին նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Նոր նախագահին մարտի սկզբին կընտրի Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով:

ՀՀԿ ԳՄ նիստին հաջորդած ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG