Մատչելիության հղումներ

Ասադին աջակցող ուժերը մտան Աֆրին


Բաշար ալ֊Ասադին աջակցող զինված ուժերը մտան Աֆրին՝ պաշտպանելու քրդերին թուրքական բանակի հարձակումից: Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը ու քրդական «Ժողովրդական ուժերի միությունը» հայտնել են, որ սիրիական աշխարհազորը Աֆրինը պաշտպանելու է Թուրքիայի ագրեսիայից ու վերականգնելու է սահմանը:

Երեկ երեկոյան թուրքական բանակը ուժեղ հրետակոծության է ենթարկել այդ տարածքները՝ փորձելով կասեցնել սիրիական աշխարհազորի տեղաշարժը դեպի Աֆրին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է, թե շիա զինյալների տասնյակ մեքենաների շարժումը դեպի Աֆրին կասեցվել է, թուրքական բանակի հրետակոծության արդյունքում նրանք հետ են շրջվել: Բայց Սիրիայի կառավարությանը աջակցող ուժերի՝ Աֆրինում գտնվելը փաստ է: «Ռոյթերզը» վերահեռարձակել է արաբական հեռուստաընկերության ռեպորտաժը, որտեղ նրանց ջոկատներից մեկի հրամանատարը Աֆրինում ասում է. ֊ «Մենք սիրիական ժողովրդական ուժերն ենք, որ այստեղ ենք եկել պաշտպանելու մեր ժողովրդին՝ Աֆրինի խաղաղ բնակիչներին, որոնք դաժան հարձակումների են ենթարկվում այդ օսմանցիների, այդ սելջուկների, այդ օկուպանտների կողմից՝ անցյալում և ներկայումս: Մենք Աֆրին ենք եկել, որովհետև մենք Սիրիայի մեկ ժողովուրդ ենք»:

Աֆրինի նահանգում իրավիճակն էլ ավելի է խճճվել ու լարվել: Դաշնակիցների ու հակառակորդների մի ամբողջ կծիկ է գոյացել: Այստեղ են գտնվում քրդական ջոկատները, թուրքական բանակային ուժերը, նրանց աջակցող սիրիացի ապստամբները, որոնք պայքարում են Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ, Ասադի ուժերը ևս արդեն Աֆրինում են: Այստեղ են Դամասկոսի կառավարությանը պաշտպանող, Իրանի հետ կապ ունեցող շիա զինյալները, ներկա են նաև Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները․ Վաշինգտոնը աջակցում է Սիրիայի ընդդիմությանն ու քրդերին, Մոսկվան՝ Բաշար ալ-Ասադին:

Սիրիայի հյուսիս արևմուտքում Թուրքիային սահմանակից Աֆրին նահանգը երկար ժամանակ գտնվում է «Ժողովրդական պաշտպանության ուժեր/Ժողովրդավարական միություն» քրդական ջոկատների վերահսկողության տակ: Թուրքիան նրանց ահաբեկչական կազմակերպություն է որակում և անցած հունվարի 20-ից ռազմական գործողություն է սկսել նրանց դեմ՝ բանակի կանոնավոր զորամասերով, զինտեխնիկայով մտնելով Սիրիայի տարածք: Ռազմական այդ գործողությունը Թուրքիան արդարացնում է իր սահմաններին անվտանգություն հաստատելու պատճառաբանությամբ: Ըստ թուրքական կողմի՝ «Ձիթենու ճյուղ» կոչված այդ ռազմական գործողության ընթացքում Աֆրինի նահանգում արդեն չորս տասնյակ գյուղեր են ազատվել քրդական ջոկատների վերահսկողությունից:

Բրիտանիայում գործող սիրիական մոնիթորինգային խմբի տվյալներով՝ Աֆրինի ռազմական գործողության ընթացքում առնվազն 205 ապստամբ է զոհվել, 219 քուրդ զինյալ և հարյուրից ավելի քաղաքացիական անձինք: Անկարան հայտնել է թուրքական բանակի 32 զինվորի զոհվելու մասին՝ հերքելով քաղաքացիական անձանց զոհվելու լուրերը:

Դամասկոսը Թուրքիայի ռազմական գործողությունը համարում է ագրեսիա Սիրիայի դեմ:

Փետրվարի 21-ի մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քըլընը ասել է, որ «Աֆրինում հակաահաբեկչական գործողությունը շարունակվելու է նախատեսված պլանի համաձայն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG