Մատչելիության հղումներ

Սիրիայում կռվող ռուսների հարազատներն ու ընկերները Դեր Զորի միջադեպի հետ կապված մանրամասներ են բացահայտում


Մասնավոր ընկերությունների կազմում Սիրիայում կռվող ռուսների հարազատներն ու ընկերները պնդում են՝ Կրեմլը նրանց որպես մսացու է օգտագործում իր նպատակներին հասնելու համար: Մոսկվան միայն երեկ՝ Դեր Զորում փետրվարի 7-ին տեղի ունեցած արյունալի միջադեպից շաբաթներ անց, պաշտոնապես ընդունեց, որ Սիրիայում ռուսաստանցիներ ու ԱՊՀ քաղաքացիներ են զոհվել, կան տասնյակ վիրավորներ:

Միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարարությունը կրկին ընդգծեց՝ զոհերն ու վիրավորները ռուսական բանակի հետ կապ չունեն, Սիրիա են մեկնել տարբեր ճանապարհներով ու տարբեր նպատակներով: «Ազատության» ռուսական ծառայությունը զրուցել է Եվգենի Շաբաևի հետ, ով պնդում է, թե օրեր առաջ հանդիպել է Սիրիայում կռվող ռուսներին:

«Ընկերս, որ վիրավոր է, վերադարձել և հիմա պառկած է Կենտրոնական զինվորական հոսպիտալում, բավական մռայլ պատմություն պատմեց: Վագներովցիները, իսկ եթե ավելի ստույգ՝ երկրորդ ու հինգերորդ դասակները, օդային հարվածների տակ են հայտնվել: Երբ 550 մարդ անապատում գիշերով ընկնում է ռմբակոծության տակ, քչերն են կենդանի մնում: Ընկերոջս խոսքով, անվնաս կարողացել է դուրս գալ մոտ երկու հարյուր մարդ, այդ իրավիճակում կենդանի մնալը ծայրահեղ բարդ է մեկ պարզ պատճառով՝ մերոնց ուղղաթիռներ չեն ուղեկցել, տարհանման հնարավորություն չի եղել, քանի որ «Վագներ» ընկերությունը ուղղակի չունի ուղղաթիռներ», ֊ պատմել է նա:

Կազակների «Խովրինո» ընկերակցության անդամ Եվգենի Շաբաևը պնդել է, որ ռուսները վաղուց են Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցում պայմանագրային հիմունքներով: ֊ «Վագների» հինգ զորահավաք է եղել, սա ընկերոջս առաջին գործուղումը չէր», - ասել է նա՝ խուսափելով կոնկրետ անուն-ազգանուններ մատնանշելուց․ ֊ «Ցանկացած մասնավոր ռազմական ընկերություն Ռուսաստանում արգելված է օրենքով: Եթե հիմա նրանց դուրս բերեն ռազմական հոսպիտալից և ուղարկեն քաղաքացիական, այնտեղ բժիշկներն ու բուժքույրերը պարտավոր են ոստիկանություն ու դատախազություն դիմել հրազենային վնասվածքներով հիվանդ ընդունելու ժամանակ: Նրանց դեմ քրեական գործ կբացեն, մարդիկ կհայտնվեն բանտերում»:

Ռուսաստանյան օրենքներով վարձկանները կարող են մինչև 15 տարվա ազատազրկման դատապարտվել, նրանց հետ կնքված պայմանագրերը իրավական որևէ ուժ չունեն, պետությունն էլ նրանց նկատմամբ որևէ պարտավորություն չունի, ու չնայած այս ամենին, ըստ Շաբաևի, շատերը համաձայնում են Սիրիա մեկնել, քանի որ չունեն այլընտրանք․ ֊ «Այստեղ նրանք չունեն կյանք, աշխատանք, սոցիալական ու տնտեսական կարգավիճակ, և դա է թե՛ զինվորականների, թե՛ շարքային քաղաքացիների՝ Սիրիա մեկնելու գլխավոր պատճառը: Միայն թե, ի տարբերություն ամերիկյան մասնավոր զինվորական ընկերությունների, մերոնք իրավազուրկ մսացու են: Ամերիկացիները գոնե մասնավոր զինվորական ընկերությունների մասին օրենք ունեն, սոցիալական պատասխանատվություն, նրանց յուրաքանչյուր մարտիկ համարվում է ամերիկյան բանակի զինվոր, որին պետությունը պաշտպանում է: Մեզ մոտ վետերաններն անգամ ամսական հազար ռուբլի են ստանում, նրանց զրկել են մի շարք սոցիալական արտոնություններից: Այս պայմաններում, երբ գումար չկա և անհրաժեշտ է դիմանալ ու գոյատևել, դժվար թե Կառավարությունը մասնավոր ընկերությունների մասին օրենք ընդունի: Նրանց ձեռնտու է այս իրավիճակը՝ մսացուն ինչպես գալիս, այնպես էլ գնում է»:

Ավելին, կազակների ընկերակցության անդամը պնդել է, թե Սիրիայում կռվող ռուսներից շատերը մարտի դաշտ են հասել Ուկրաինայի արևելքից, իսկ ավելի հստակ՝ ռուսամետ շրջանների ազատազրկման վայրերից․ ֊ «Մենք քննչական մեկուսարաններ ունենք Դոնեցկում, Լուգանսկում, որտեղ ավելի քան երեք տարի է՝ մինսկյան համաձայնագրերի ստորագրումից հետո, մարդիկ են պահվում, նաև՝ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք չէին ցանկանում կանգ առնել, ուզում էին շարունակել կռիվը, պաշտպանել իրենց հայրենիքը: Նրանց հիմա մեկուսարանում են պահում առանց որևէ մեղադրանք առաջադրելու: Փաստաբանությունն այդտեղ անելիք չունի, գողական հասկացություններն են հարգի, և մարդիկ նստած են արդեն երեք տարի: Հավաքագրողները գալիս են ու ասում ՝ կա՛մ մնում ես այստեղ և շարունակում ես փտել, կա՛մ՝ գնում ես կռվի դաշտ, որտեղ հնարավոր է՝ նաև ինչ-որ գումար աշխատես»:

Խոսելով փետրվարի սկզբին Դեր Զորում տեղի ունեցած հարձակման մասին՝ Շաբաևը կրկնել է ռուսական մամուլում շրջանառվող տեսակետը, թե «Վագներ» ընկերության զինվորները հարձակումն իրականացրել են նավթային տարածքներ գրավելու նպատակով: Ավելի վաղ հետաքննող լրագրողները հաղորդել էին, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր գործարարներից մեկին՝ նրա երբեմնի խոհարար Եվգենի Պրիգոժնին պատկանող ընկերությունը գործարք է կնքել Սիրիայի կառավարության հետ՝ համաձայնելով ապստամբներից ազատել նավթի ու գազի պաշարներ ունեցող տարածքները՝ ավարի 25 տոկոսը ստանալու դիմաց: ֊ «Եթե մեր Կառավարությունը չի ուզում աջակցել մեր քաղաքացիներին, չի ուզում պաշտպանել և զոհերին անգամ մոռացության է մատնում, նշանակում է պետությունը ծառայում է այլ, գուցե կոմերցիոն նպատակների, ոչ թե ժողովրդի ազգային շահերին», ֊ ասել է Շաբաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG