Մատչելիության հղումներ

Բնակարանատեր պետծառայողները դժգոհ են կառուցապատող ընկերությունից


Կառավարության հովանու ներքո Երազ թաղամասում պետծառայողների համար կառուցված բնակարանների 200 սեփականատերեր նամակ են հղել Հայաստանի նախագահին՝ ահազանգելով կառուցապատող «Միկշին» ընկերության շարունակական բացթողումների ու չարաշահումների մասին։

Պետական ծառայողները, որ սկզբում ոգևորվել էին եկամտահարկի միջոցով բանկային տոկոսադրույքները վճարելու շնորհիվ մատչելի բնակարան ունենալու գաղափարից, նախագահ Սերժ Սարգսյանին բողոքել են, որ Կառավարության աջակցությամբ կառուցված շենքը, որին սպասել են անհամբերությամբ, գլխացավանք է դարձել իրենց համար։

Մասնագիտությամբ իրավաբան Մակար Եղիազարյանն, ով այսօր բողոքող պետծառայողների հետ եկել էր «Միկշին» ընկերության հետ համատիրություն ձևավորելու հանդիպմանը, «Ազատության» հետ զրույցում կրկին փոխանցեց իրենց դժգոհությունը․ - «Երբ ծրագիրը սկսվեց, դա շատ խոստումնալից ծրագիր էր, և շահառուները մեծ սիրով մասնակցեցին ծրագրին»:

Եղիազարյանն, ով ևս ստորագրել է նախագահին ուղղված նամակի տակ, մի շարք խնդիրներ է բարձրաձայնում: Նախ, կառուցապատողը շենքը ժամանակից ուշ հանձնեց, ընդ որում՝ բնակարանների մակերեսը ուռճացրած էր գրել և ավելի մեծ գումար վերցրել։

Այս խնդիրներին լուծում տալուց հետո, ինչպես պնդում են բնակիչները, մինչև համատիրությունը կձևավորվի՝ պարտավորեցրեց պայմանագիր ստորագրել՝ ամսական 24 հազար դրամ սպասրակման գումար վճարելու մասին։ Բացի այս, շենքի մի մասը շահագործման էր հանձնել առանց էլեկտրամատակարարման, քանի որ ենթակայանների թիվը չէր բավանականացրել։

«Ինչո՞ւ պետք ա, օրինակ, Ծարավ աղբյուրի փողոցում կառուցվող այս բնակարանային ապահովման ծրագրում շենքերը ապահովված լինեն գազով, իսկ մեր շենքում, չգիտես ինչ հիմնավորումներից ելնելով, չկա գազ: Ի սկզբանե մենք ենթադրում ենք, որ, այո, նպատակը եղել է հետագայում այս կաթսայատներ կառուցելու և տաք ջուրը և ջեռուցումը բնակիչներին թանկ գնով վաճառելու միջոցով իրենց բիզնեսը շարունակել: Այսինքն, բացի կառուցապատումից, մարդիկ ցանկանում են հավերժ կախվածության մեջ պահել ամբողջ շենքի բնակիչներին», - ասաց Եղիազարյանը:

Այս շենքը գազաֆիկացված չէ։ Կառուցապատող ընկերությանը զուգահեռ ձևավորվել են կոմունալ և սպասարկող ընկերություններ, որոնց ղեկավարը կառուցապատողի վաճառքի գծով տնօրենն է։ Եվ որոշվել է, որ բնակիչներին տաք ջուր է տրվելու կաթսայատնից, ընդ որում՝ խորանարդ մետր տաք ջրի գինը կազմում է 2300 դրամ։

Պետծառայող Սամսոն Զատիկյանը նեղստրում է՝ իրենք մեծ գումարներ չեն վաստակում, և սեպտեմբերին, ինչ տղափոխվել է նոր բնակարան՝ միայն տաք ջրի համար ամսական 20 հազար դրամ են վճարում:

Զատիկյանի խոսքով, ստիպված ստորագրել են սպասարկման պայմանագիրը, որպեսզի տունը տաք ջուր և հոսանք ունենան․ - «Ուլտիմատում տարբերակով են հարաբերվում բնակիչների հետ: Երբ որ ես տեղափոխվում էի, ինձ բերեցին, դեմ տվեցին էն պայմանագիրը, որ ստորագրեք, որ մարտից հետո ձեզ ծառայություն են մատուցելու 24 հազար դրամով: Եվ մեր բոլոր բնակիչների պահանջներն ու վրդովմունքը նա էր, որ, այ ընկերներ, սպասեք, թող գա մարտը, նոր էն ժամանակ էս պայմանագիրը կնքեք: Էդ պայմանագրերը ժողովուրդը ստիպված ստորագրեց, որպեսզի նույն «Միկշինը» տա լույս և ջուր, և սպասարկի»:

Պետծառայողները պնդում են, որ կառուցապատողը շենքի կառուցման ընթացքում փոփոխելով նախագիծը տանիքի մեծ մասը վերափոխել է վերնահարկի և այն սեփականաշնորհել։ Այստեղ էլ նախատեսում է ջրային տաքացուցիչներ տեղադրել։

Իրավաբան Մակար Եղիազարյանը վկայակոչում է Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունն այս հարցի շուրջ՝ տանիքը պետք է պատկանի բոլոր սեփականատերերին։

«Միկշին» ընկերության ղեկավարությունն իր հերթին պնդում է՝ անօրինական ոչինչ չեն արել։ Ընկերության իրավաբան Դավիթ Կարապետյանն ասում է, որ իրենց պարտավորությունն էր 23 հազար քառակուսի մետր տարածք կառուցել, իրենք դա արել են։ Կարապետյանը պնդում է, որ իրենք սեփականաշնորհել են ոչ թե տանիքը, այլ վերնահարկը, որի կառուցման թույլտվությունը քաղաքապետարանն է հատկացրել։

Ինչ վերաբերում է գազամատակարարման բացակայությանը, Կարապետյանը շեշտում է, որ ի սկզբանե այդպես էր որոշված․ - «Բնակիչներն էլ տեղյակ են եղել, որ տաք ջուրը և ջեռուցումը լինելու է կենտրոնացված»:

Կարեն Ղազարյանը, ով միաժամանակ «Միկշինի» վաճառքի գծով տնօրենն է և շենքը սպասարկող և կոմունալ ծառայություն մատուցող ընկերությունների տնօրենը, պնդում է, թե ամսական 24 հազար դրամ սպասարկման վճարը նորմալ գին է։ Նաև շեշտում է՝ մեկ տարի ընկերությունն անվճար է սպասարկել շենքը, մարտի 1-ից հետո արդեն կգանձեն գումարները, եթե իհարկե համատիրություն չձևավորվի։

Ղազարյանը ևս այս շենքի բնակիչ է և հակադարձում է բոլոր նրանց, ովքեր բողոքում են տաք ջրի սակագնից․ - «Ոչ միայն ես: Ունեմ լիքը բնակիչ ծանոթներ, ովքեր էդ մտավախությամբ եկան ապրելու, հետո խիստ զարմացան՝ չէ, 5 հազարից ավել չենք մուծում տարբերակով»:

Նախագահ Սարգսյանին նամակ հղած պետծառայողների նախաձեռնող խումբը վաղը հրավիրված է նախագահական նստավայր՝ քննարկելու բարձրացված հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG