Մատչելիության հղումներ

2017-ին արձանագրվել է արտահանման 25.2 տոկոս աճ․ Կարայան


Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խոսքով՝ 2017 թվականի զբոսաշրջության բնագավառում արձանագրված խոստումնալից միտումները, մասնավորապես, 2017 թվականին արձանագրված 18.7% աճը, թույլ են տալիս մեծ հավակնություններ ձևավորել առաջիկայի համար։ Սուրեն Կարայանը նշել է, որ ոլորտի արդյունքներին էապես նպաստել են իրականացված մարքեթինգային միջոցառումները: Այդ նպատակով, դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների համար:

Ի կատարումն Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքներին նախարարության կողմից շարունակական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հանձնարարականի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է, որ անցյալ տարեվերջին՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին, ստեղծված Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում:

Նախարարի զեկուցմամբ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո, մասնավորապես, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։ Ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի։

Նախարարն ընդգծել է, որ նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15.7% աճը: Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016 թվականի արդյունքից: Ընդ որում, 2017 թվականին ավելացել է նաև արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG