Մատչելիության հղումներ

Թբիլիսին քայլեր է ձեռնարկում Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի սառեցումից խուսափելու համար


Պաշտոնական Թբիլիսին ակտիվ քայլեր է ձեռնարկում` փորձելով կանխել Եվրամիության հետ շուրջ մեկ տարի առաջ հաստատված ազատ վիզային ռեժիմի սառեցումը:

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի արտգործնախարարության ղեկավարությունը շտապ խորհրդակցություն էր հրավիրել, որին ներկա էր նաև Եվրամիության կառույցներում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նատալյա Սաբանաձեն:

«Ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը գործի դնելու մասին առայժմ խոսք չկա: Մենք, սակայն, պետք է արագորեն քայլեր ձեռնարկենք այս միտումները կանխելու համար», - հայտարարել է Սաբանաձեն:

Այն, որ Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի գլխին սև ամպեր են կուտակվում, Թբիլիսիում վերջնականապես հասկացան կիրակի օրը Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի՝ Մյունխենում հնչեցրած հայտարարություններից հետո:

«Վրաստանում հասկանում են, որ եթե ապաստան հայցողների թիվը կտրուկ կերպով աճի, ապա մենք կգործարկենք [ազատ վիզային ռեժիմի] սառեցման մեխանիզմը: Ազատ վիզային ռեժիմի ապագան Վրաստանի ձեռքում է: Մենք իհարկե կարող ենք և սպասել, սակայն ապաստան հայցողների թվի աճը մտահոգիչ է: Մյուս մտահոգիչ գործոնն այն է, որ ի տարբերություն մյուս պետությունների քաղաքացիների` ապաստան հայցող վրացիների շրջանում հանցագործություն կատարած անձանց թիվն ավելի մեծ է: Այնպես որ, Վրաստանը շատ անելիք ունի», - հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը վրացական հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում:

Դե Մեզյերի հայտարարության հաջորդ օրն արդեն գերմանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` Die Welt-ը հրապարակեց երկրի ներքին գործերի նախարարության տրամադրած պաշտոնական վիճակագրությունը․ - «Նախորդ տարվա սեպտեմբերին Գերմանիայում քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Վրաստանի 238 քաղաքացի, հոկտեմբերին` 355, նոյեմբերին` 444: 2017 թվականի դեկտեմբերին արդեն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած վրացիների թիվը հասել է 522-ի: Այս միտումը պահպանվել է նաև 2018 թվականին: Հունվար ամսին Գերմանիայում քաղաքական ապաստան հայցող վրացիների ընդհանուր թիվը 745 էր»:

Գերմանիայից բացի, շենգենյան գոտու մաս կազմող ևս երկու պետություններ` Շվեդիան և Իսլանդիան, փետրվարի սկզբին իրենց մտահոգությունն էին հայտնել ազատ վիզային ռեժիմից օգտվող և հետագայում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև այդ երկրի քաղաքացիների կողմից կատարվող հանցագործությունների թվի աճի առթիվ: Վերջին խնդիրը եվրոպացիների համար խիստ հրատապ է` հաշվի առնելով վրացիներից կազմված կազմակերպված հանցավոր խմբերի ակտիվացումը Եվրամիության տարածքում: Անցած հանգստյան օրերին, օրինակ, շվեդ իրավապահների ձեռնարկած լայնածավալ ոստիկանական գործողության արդյունքում Վրաստանի 23 քաղաքացիներ ձերբակալեցին, որոնց մեղադրանք առաջադրվեց մի շարք ծանրագույն հոդվածներով` սպանություն, շորթում, թմրանյութերի տարածում:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն, սակայն, համոզված է, որ թեև ոչ այնքան բարենպաստ վիճակագրությունը Թբիլիսիի համար խնդիրներ ստեղծում է, սակայն Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի սառեցմանը չի հանգեցնի․ - «Քրեական միջադեպերի քանակը, որոնց մասին այժմ շատ են խոսում, և որոնցում ներգրավված են Վրաստանի քաղաքացիները, վերջին ամիսներին աճել է: Նկատվում է նաև Եվրամիության պետություններում ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թվի աճ: Բայցևայնպես, դա այն թվաքանակը չէ, որ ի վերջո հանգեցնի ազատ վիզային ռեժիմի սառեցմանը»:

«Չնայած վիզային ռեժիմի սառեցման վտանգ չկա, մենք անհապաղ քայլերի դիմեցինք, երբ եվրոպացի մեր գործընկերներին կողմից ստացանք առաջին [մտահոգիչ] ազդակները», - հայտարարել է Ջանելիձեն:

Հավելեմ, որ այսօր առավոտյան Գերմանիայի իշխանությունների հետ բանացելու նպատակով Բեռլին է մեկնել Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Ջավախաձեն: Վրաստանի ներքին գործերի փոխնախարարն էլ մեկնելու է Հյուսիսային Հռենոս-Վեսֆալիա երկրամաս, որի ղեկավարությունն ամենահետևողականն է առաջ տանում Վրաստանին ազատ վիզային ռեժիմից զրկելու գաղափարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG