Միացյալ Նահանգներին հաջողվել է կասեցնել ավելի քան 3 միլիարդ դոլարի ռուսաստանյան գործարքներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նաուերթը:
«Նման գործարքների կասեցումը, ըստ էության, պատիժ է», - նշել է Նաուերթը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ ռուսական գանձարան ավելի քիչ փող է մտնում, ինչը Վաշինգտոնում հաջողություն են համարում Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու գործում ՝ «ամերիկյան ընտրություններին միջամտության և Սիրիայում գործողությունների համար»:
Անցյալ տարի Կոնգրեսի կողմից ընդունված և նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված օրենքը հնարավորություն է ընձեռում պատժամիջոցներ սահմանել նաև այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական պաշտպանական և հետախուզական համակարգերի հետ գործարքներ կկնքեն:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը նաև դիտարկում է Ռուսաստանի որոշ քաղաքացիների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը:
Հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է «Կրեմլյան զեկույցը»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առնչություններ ունեցող անձանց ցանկ, որոնց նկատմամբ կարող են պատժամիջոցներ սահմանվել: Փաստաթղթում տեղ են գտել 210 անձանց անուններ՝ պաշտոնյաներ և օլիգարխներ:
2014 թվականին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում հակամարտությանը միջամտելու համար: Հետագայում պատժամիջոցների ցանկը քանիցս ընդլայնվել է: