Մատչելիության հղումներ

Ազատության հրապարակում արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում անցկացվեց


Ղարաբաղյան շարժման 30 ամյակին նվիրված հավաքին, որ կազմակերպել էր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, նորանկախ Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն այդպես էլ չներկայացավ: 80-ականների վերջին «Ազատության» լեփ֊լեցուն հրապարակն այսօր գրեթե դատարկ էր: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ ներկայիս իշխանություններն այս տարիների ընթացքում ստիպեցին պայքարող տեսակին հեռանալ երկրից:

Հավաքը մեկնարկեց Շարժման խորհրդանիշ համարվող շեփորի կանչով:

Այսօրվա հավաքի բանախոսներից շատերը Շարժման հիմքում կանգնած մարդիկ էին, ովքեր ներկաների հետ կիսվում էին իրենց հուշերով, իրենց մտահոգությունը հայտնում այսօրվա իրավիճակի կապակցությամբ: «Ազատության» հետ զրույցում Մանուկյանն ասաց՝ շարժման ակունքներում կանգնած ակտիվիստներից և ոչ մեկին հրավիրատոմս չեն ուղարկել:

«Ով ցանկացել՝ եկել է, սա կուսակցական հավաք չէ», - ասաց Մանուկյանը:

90-ականների հայտնի դեմքերից, սակայն, քչերն էին այսօր եկել: Նրանցից Ազատության հրապարակում այսօր ելույթ ունեցավ Ղարաբաղ կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը: 30 տարվա վաղեմության դեպքերին անդրադառնալով՝ հիշեցրեց, որ այս գաղափարների կրողները հալածվել են, ձերբակալվել, բանտերում հայտնվել: Բաբկեն Արարքցյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հիշել նրանց, ովքեր այդ գաղափարների համար տվել են իրենց կյանքը: Պատմական ակնարկ անելուց հետո, Արարքցյանն ասաց՝ այսօր շատերն են մոտեցել, կարծիք հարցրել այսօրվա վիճակի մասին: Հստակ պատասխան այսօր չունի, բավարարվեց մեկ անեկդոտ պատմելով: ֊ «Մեկը գալիս է բժիշկի մոտ, ու ասում՝ մատս որտեղ դիպչում է ցավում է: Հետազոտելուց հետո, բժիշկն ասում է՝ ձեր մատն է կոտրված»,- պատկերավոր կերպով այսօրվա իրավիճակը մասին իր տեսակետը հավաքվածներին ներկայացրեց Արարքցյանը:

Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ 30 տարի առաջ փետրվարյան այս օրերին արբեցնող մթնոլորտ էր, որի զգացումը ունեին այս օրերին բոլոր մարդիկ: Արամ Մանուկյանի խոսքով էլ՝ 30 տարի առաջ Ազատության հրապարակից թափ առած շարժումը լուրջ հաջողության է հասել, շարժումը հասել է Ղարաբաղ, պետականություն, անկախության հռչակագիր: ֊ «Ու եկան չար ուժերը և տարան ամբողջ հաղթանակը: Այսօրվա միջոցառման նպատակն է՝ փորձել վերականգնել այդ ոգին, այդ արժանապատվության զգացումը, այդ հաղթողի հոգեբանությունը, սա ավելի շատ դա է խորհրդանշում», - ասաց Մանուկյանը:

Հավաքի ընթացքում ներկայացվեց պատմաբան Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989» պատմագիտական աշխատությունը:

Ուշագրավ է, որ հավաքի ավարտին Ազատության հրապարակ ժամանեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Ցուցահանդեսի կազմակերպիչների մի մասն իմ ընկերներն են: Բացի այդ Ղարաբաղյան շարժման 30֊ամյակը բոլորիս համար լուրջ արժեք է: Ով իրեն զգում է ՀՀ քաղաքացի և մենք եկել ենք արժևորելու: Սա մեր Ազատության հրապարակն է: Մենք այստեղ ենք և այստեղ ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չի կերտվել այն Հայաստանը, որի իդեալով մարդիկ հավաքված էին այստեղ 30 տարի առաջ, հետո 20 տարի առաջ, հետո 10 տարի առաջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաև փետրվարի 21-ին և 22-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG