Իսպանիայում մեկնարկել է ռուսական հանցավոր խմբավորման անդամների դատավարությունը, որոնք կապեր են ունեցել նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ: Այս գործը Իսպանիայի իրավապահները շուրջ տասը տարի հետաքննել են: Մեղադրանքները հիմնականում վերաբերում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացմանը:
Ռուսական «Տամբովսկի-Մալիշևսկի» հանցավոր խմբավորումը գործել է Սանկտ Պետերբուրգում, 90-ական թվականներին: Խմբավորման պարագլուխները առանձնատներ ու վիլաներ են գնել Իսպանիայի հայտնի հագստավայրերում՝ այդ կերպ փորձելով օրինականացնել, "լվանալ" հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերը:
Ըստ նախաքննության՝ ռուսական հանցավոր խմբավորման կողմից Իսպանիայում 50 միլիոն եվրո է լվացվել, նաև գումարներ են ուղղվել օֆշորային գոտիներ:
Իսպանիայի դատախազության 2008-ին սկսված գործը «Տրոյակ» անուն էր ստացել: Այդ գործով երկու տասնյակ կասկածյալ էր ձերբակալվել, այդ թվում նաև խմբավորման ղեկավարներից Գենադի Պետրովը: Նրան ձերբակալել էին իսպանական Մայորկայում:
Ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 27 մարդու, մեղադրյալների նստարանին են 18-ը, մյուսները գտնվում են հետախուզման մեջ: Հետախուզվողների թվում են նաև խմբավորման ղեկավարներ Գենադի Պետրովն ու Ալքսանդր Մալիշևը: Պետրովը չնայած ձերբակալվել էր, սակայան 2012 թվականին կարողացել էր Ռուսաստան մեկնելու թույլտվություն ստանալ, ու այլևս չի վերադարձել Իսպանիա: Խմբավորման ենթադրյալ ղեկավարներից կալանքի տակ է Միխայիլ Ռեբոն, ով ընդունել է մեղքը ու համագործակցում է իրավապահների հետ: Մեղադրյալների թվում նաև 6 իսպանացի կա, որոնք օգնել են փաստաթղթերի ձևակերպանը:
Մեդադրյալների մեջ ամենաբարձրաստիճան դեմքը պետդումայի պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկն է: Նա Ռուսաստանի իշող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է: Մեղադրանք է առաջադրվել նաև նրա կնոջը՝ իսպանուհի Դիանա Գինդինին: Իրավապահները պնդում են, որ Վլադիսլավ Ռեզնիկը Իսպանիայում անշարժ գույք, ավտոմեքենա ու զբոսանավ է գնել հանցավոր ճանապարհով ստացված գումարներով: Մեղադրանքի համար հիմք է հանդիսացել նաև նրա և խմբավորման ղեկավար Գենադի Պետրովի միջև հեռախոսազրույցը, որը իրավապահները ձայնագրել են: Սակայն նրա փաստաբանները պնդում է, որ դա Ռեզնիկի ձայնը չէ:
Վլադիսլավ Ռեզնիկն ու նրա կինը երկուշաբթի ներկայացել են Մադրիդի դատարան: Ռուսաստանցի պատգամավորն ասել է, թե դատարան է եկել ապացուցելու իր անմեղությունը:
Մեղադրական եզրակացությունում նշված է, որ հանցավոր խմբավորումը թափացել էր իշխանական համակարգ ու կապեր է ունեցել Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, ֆինանսական, իրավապահ ու դատական իշխանությունների հետ:
Մադրիդում անցած երկուշաբթի սկսված դատավարությունը ակնկալվում է, որ կավարտվի այս գարնանը: Մեդադրյալների մեծ մասին, այդ թվում պատգամավոր Վլադիսլավ Ռեզնիկին, դատախազությունը պահանջում է դատապարտել 5,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև 100 միլիոն եվրո առգրավել:
«Տրոյկա» գործը Իսպանիայում ռուսական հանցավոր խմբավորումների դեմ երկրորդ գորն է: 2005 թվականին Իսպանիան հասել էր Զախար Կալաշովի (Շաքրո Մոլոդոյի) արտահանձնմանը: Փողերի լվացման մեղադրանքով նա ինը տարվա ազատազրկման էր դատապարտվել: Պատիժը ամբողջությամբ կրելուց հետո նա վերադարձել է Ռուսաստան: