Մոսկվան այսօր պաշտոնապես հաստատել է, որ Սիրիայում տեղի ունեցած վերջին բախումների ժամանակ զոհվել են Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքացիներ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կան նաև տասնյակ վիրավորներ՝ միաժամանակ ընդգծելով. - «Նրանք ռուսական բանակի հետ կապ չեն ունեցել, բանակի տեխնիկական միջոցները գործի չեն դրվել»:
Արդեն ավելի քան տասն օր է՝ արևմտյան և ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական բանակը զգալի կորուստներ է տվել Սիրիայում փետրվարի 7-ին, երբ նախագահ Ասադի բանակի հետ փորձել է հարձակվել արևմտյան կոալիցիայի աջակցությունը վայելող քրդերի վրա:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը նախօրեին ասել էր. - «Մենք ընդունում ենք ռուսական կողմի պնդումները, թե զոհերը բանակի հետ կապ չեն ունեցել, սակայն, չէ՞ որ նրանք ինչ-որ տեղից հրաման են ստացել: Դժվար է հավատալ, որ 257 մարդ սեփական նախաձեռնությամբ ու միահամուռ որոշել է հատել Եփրատն ու հարձակում սկսել տանկերի գործադրմամբ»: