Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը լուրջ քայլերի կգնա, երբ տեսնի, որ դրա համար հասունացել է քաղաքական անհրաժեշտ վիճակը. Լևոն Զուրաբյան


«Մենք հետևում ենք իրավիճակին և լուրջ քայլերի գնալու ենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ դրա համար հասունացել է քաղաքական անհրաժեշտ վիճակը», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ ի պատասխան օգտատերերից մեկի հարցին, թե ինչպիսի՞ն կլինեն ՀԱԿ-ի քայլերը, եթե Սերժ Սարգսյանն առաջադրվի վարչապետի թեկնածու։

«Մեզ համար նորությո՞ւն է լինելու, որ Սերժ Սարգսյանն է լինելու։ Մենք էն գլխից՝ 2015 թվականից ասում էինք, որ պլանը դա է՝ Սերժ Սարգսյանը գնում է վարչապետ, և էն գլխից պետք էր դրա դեմն առնել։ Մեզ ասում էին՝ «չէ, ի՞նչ տարբերություն նախագահական է, ինչ է, հետո Սերժն ասել է, չէ՞, որ ինքը չի լինելու վարչապետ»։ Մենք ասում էինք, որ էդ ամբողջը ոչ մի արժեք չունի։ Հիմա՝ ի՞նչ կանենք մենք. գիտեք՝ սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ, Ազգային ժողովի հանրաքվեի կեղծմամբ ժողովրդի մեջ խորացել է ապատիան՝ անտարբերությունը։ Ազգային ժողովի ընտրությունների ամենադաժան կեղծիքը կայանում էր նրանում, որ զանգվածաբար ժողովրդին ներգրավեցին այդ կեղծիքի մեջ, այսինքն՝ շանտաժով, բռնություններով, կաշառքով և այլն, բերել են և ստիպել են, ճիշտ է գաղտնի քվեարկության սկզբունքի խախտմամբ, բայց ստիպել են ժողովրդին քվեարկել իրենց օգտին՝ ժողովրդին դարձնելով իրենց հանցագործություններին մասնակից, հիմա ժողովուրդը նաև այդ հոգեբանական վիճակում է գտնվում։ Շատ դժվար է ասել, թե այսօր ո՞րն է ամենաադեկվատ քաղաքականությունը, մենք հետևում ենք իրավիճակին և լուրջ քայլերի գնալու ենք այն ժամանակ, երբ տեսնենք, որ դրա համար հասունացել է քաղաքական անհրաժեշտ վիճակը», - ասաց Զուրաբյանը։

Նշենք, որ ապրիլի 9-ին ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ժամկետը, ինչից հետո խորհրդարանը կընտրի նոր վարչապետին, որը, ըստ փոփոխված Սահմանադրության, կլինի գործադիր իշխանության փաստացի ղեկավարը։ Մինչ այդ՝ մարտի 2-ին խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին՝ յոթ տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG