Մատչելիության հղումներ

Ռուսաստանը միջուկային սպառազենի մրցավազք է հրահրում. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, Մյունխեն, 17-ը փետրվարի, 2018թ.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի փոխանցմամբ, Ռուսաստանը ստեղծում է միջին հեռահարության նոր հրթիռ, ինչը հակասում է միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին: Դա կարող է հրահրել միջուկային սպառազինությունների նոր մրցավազք:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանն արդիականացնում միջուկային կարողությունները, զարգացնում միջուկային սպառազենը և ռազմական դոկտրինայում առանձնահատուկ նոր տեղ տալիս այդ զենքին: Դա չի կարող չանհանգստացնել», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի անդամ Միացյալ Նահանգները բացահայտել է նոր հրթիռ ստեղծելու ռուսների ծրագիրը, ինչն անհանգստացնում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին:

Յենս Ստոլտենբերգը Մոսկվային կոչ է արել խստորեն հետևել Հին մայրցամաքի եվրոպական հատվածում նոր հրթիռներ չտեղակայելու մասին պայմանագրի պահանջին, որը Եվրոպայում խաղաղություն ապահովելու կարևոր երաշխիքներից մեկն է: Միաժամանակ, Ստոլտենբերգը նշել է, որ ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ Ռուսաստանը, ըստ էության, հետաքրքրված չեն սպառազենի նոր մրցավազքով:

Մոսկվայում հանդիպակաց մեղադրանքներով են արձագանքել ՆԱՏՕ-ի ղեկավարի ուղերձին:

Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը հայտարարել է, որ սպառազինությունների մրցավազքը հրահրում է ոչ թե Ռուսաստանը, այլ միջուկային նոր զինատեսակների ստեղծում ենթադրող ԱՄՆ պաշտպանական նոր ռազմավարությունը:

«Տակավին վերջերս Վաշինգտոնը հրապարակել է պաշտպանական ռազմավարության և միջուկային դոկտրինայի նոր տարբերակները: Այդ փաստաթղթերն, անկասկած, հարձակողական և նույնիսկ ագրեսիվ բնույթն ունեն և չեն կարող հաշվի չառնվել Ռուսաստանի նոր ռազմական շինարարության հայեցակարգում: Մենք դա գնահատում ենք որպես սպառազինությունների մրցավազք սկսելու յուրօրինակ հրավեր», - ասել է Շամանովը՝ հավելելով. - «Բայց, ինչպես մեր նախագահն է նշել, մեզ չեն ներքաշի սպառազինությունների նոր մրցավազքի մեջ, քանի որ մենք կշարունակենք հետևել Ալեքսանդր Սուվորովի կարգախոսին՝ ազգային շահերը պետք է պաշտպանել ոչ թե թվերով, այլ՝ հմտությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG