Մատչելիության հղումներ

Առաջիկայում մի շարք ուշագրավ մշակութային իրադարձություններ են սպասվում


Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում, արխիվ
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում, արխիվ

1922-23 թթ․ մեր մեծագույն քանդակագործներից Երվանդ Քոչարը Վենետիկում քանդակել է իր ընկերոջ՝ Ժորժ Զաքարյանի դիմապատկերը, որը մինչ այժմ գտնվում էր Իտալիայում և երբեք Հայաստանում չէր ցուցադրվել: Եվ ահա՝ Մշակույթի նախարարության, «Ապավեն» ընկերության և «Անտարես» հրատարակչության տնօրենների աջակցությամբ Քոչարի այդ ստեղծագործությունը տեղափոխվել է Երևան և երեկ երեկոյան այն ներկայացվեց մեր արվեստասեր հանրությանը Երվանդ Քոչարի թանգարանում:

Արվեստաբանների խոսքով՝ Քոչարի ընկերոջ այս դիմաքանդակը չափազանց բարձրաժեք ստեղծագործություն է և նրա վենետիկյան շրջանի եզակի ստեղծագործություններից մեկը, ավելի կոնկրետ՝ Քոչարի վենետիկյան շրջանը ներկայացնող միակ ստեղծագործությունը, որը թանգարանին է նվիրել Պաոլո Զաքարյանը:

Անցյալ տարի Մշակույթի նախարարությունը հիմնեց «Ծիծեռնակ» ամենամյա մրցանակաբախշությունը, որը ներառում է մեկ տասնյակից ավել անվանակարգեր ՝ դասական, ժողովրդական, էստրադային, ռոք երաժշտություն և այլն: Մրցանակաբախշության պրոդյուսեր, Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ այս մրցանակաբախշության նպատակը տարվա ընթացքում ստեղծագործական ձեռքբերումներով աչքի ընկած արվեստագետներին, նվագախմբերին, երգչախմբերին արժանիորեն գնահատելն է և արվեստասեր հանրությանը ներկայացնելը: Հաղթողները որպես մրցանակ կստանան անվանի գեղանկարիչ, դիզայներ Նուռի ՝ Արման Դավթյանի կերտած «Ծիծեռնակը»: Մրցանակը դրամական պարգև չունի: Մրցույթին մասնակցել ցանկացողների հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 28-ը:

Դե իսկ արդեն այս տարվա աշնանը մեկ ամբողջ ամիս՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանկահատվածում, տեղի կունենա մի շատ ուշագրավ իրադարձություն, որի մասին ազդարարվեց օրերս: Հայաստանի և Իտալիայի համատեղ ջանքերով մեր մայրաքաղաքում կբացվի ժամանակակից արվեստի ցուցահանդես, որի համադրողն է Մարինա Հակոբյանը: Նրա խոսքով՝ լայնածավալ ցուցադրությունը կընդգրկի կերպարվեստի բոլոր տեսակները և կներկայացվի մայրաքաղաքի լավագույն դահլիճներում: Կներկայացվեն աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստան ժամանած արվեստագետների ստեղծագործություններ՝ այսպիսով համադրելով, համախմբելով տարբեր մշակութային մտածողությունների տեր արվեստագետներին մեկ հարթակում, տվյալ դեպքում՝ Երևանում:

Իսկ ցուցահանդեսին մասնակից երկրներում էլ այս ողջ ընթացքում կներկայացվի Հայաստանի պատմությունն ու մշակույթը: Իտալիայի ժամանակակից արվեստի հիմնադրամի գլխավոր տնօրեն Սեֆֆանո Ապուցցոյի խոսքով՝ դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող երկու երկիր՝ Իտալիան ու Հայաստանը, որոնք նաև քրիստոնեության օրրան են, համագործակցության արդյունքում ծնունդ առած իրենց գաղափարները կարող են տարածել ողջ աշխարհում:

Ի դեպ հայ-իտալական ևս մի ուշագարվ նախաձեռնություն իրականացավ հենց այս շաբաթ՝ փետրվարի 13-16-ին․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո անցկացվեց «Գեղարդավանք» վանական համալիրի ժայռափոր կառույցների ամրացման և ջրահեռացման մեթոդաբանությունը» խորագրով գիտաժողովը, որին մի շարք հյուրեր էին մասնկացում Իտալիայից՝ Պիետրո Լորիանոն /Իտալիայի ԻԿՕՄՕՍ-ի նախագահը/, Դանիելե Սպիցիկինոն՝ Իտալիայի բնապահպանության նախարարությունից և այլ մասնագետներ, ովքեր իրենց դիտարկումներն ու առաջարկները ներկայացրին՝ կապված վանական համալիրի ջրահեռացման և ժայռափոր կառույցների ամրացման հետ:

Լրանում է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 149-րդ տարեդարձը

Փետրվարի 19-ն էլ, ինչպես գիտենք, ամենայն Հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Լրանում է նրա ծննդյան 149-րդ տարեդարձը: Տարիներ առաջ ԳՄ նախաձեռնությամբ մեծ բանաստեղծի ծննդյան օրը հայտարարվել է որպես գիրք նվիրելու օր, և արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ մեր հասարակությունը ականատեսն է, թե ինչպես են այդ օրը գիրք նվիրում, գրքի հետ կապված ամենատարբեր ակցիաներ իրականացնում գրական կազմակերպությունները՝ գրախանութները, գրադարանները, դպրոցներն ու անգամ մանկապարտեզները:

Ամեն տարի փետրվարի 19-ից «Խնկո-Ապոր» գրադարանը մի շարք հրատարակչությունների հետ համատեղ կազմակերպում է մանկապատանեկան գրքի եռօրյա փառատոն, որի ընթացքում, ի թիվս ամենատարբեր միջոցառումների, մայրաքաղաքի ընթերցասեր հանրությանն է ներկայացվում մանկական հրատարակությունների ողջ տեսականին՝ որոշակի զեղջերով:

Այդ օրն իրոք ընթերցողներն ընտրության լայն հնարավորություն են ունենում և կարող են հրաշալի գրքեր ձեռք բերել: Ինչպես շեշտում է ԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը մեկական գիրք նվիրելով կամ նվեր ստանալով՝ ասես «իրոք դառնում ես հանճարեղ լոռեցու թողած գրական ժառանգության, փիլիսոփայության հետևորդը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG