Մատչելիության հղումներ

Թալիշում ոտքը կորցրած զինծառայողի դեմ քրեական գործ է հարուցվել


Նա պնդում է, թե իր դեմ շինծու քրեական գործ են սարքել, որպեսզի զրկեն հատուցման գումարներից։

Նախկին զինծառայող, 50-ամյա լեյտենանտ Երվանդ Խաչատրյանը Ղարաբաղում՝ Թալիշում ականի վրա պայթյունից ոտքը կորցնելուց հետո ստիպված է ապացուցել ոչ միայն այն, որ մարտական կանոններ չի խախտել, այլև որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից պետք է հատուցում ստանա։

Նա պնդում է, թե իր դեմ շինծու քրեական գործ են սարքել, որպեսզի զրկեն հատուցման գումարներից։

Արմավիրի բնակիչ, արդեն նախկին զինծառայողը ցույց է տալիս վերադասի հրամանը, ըստ որի 2017 թվականի փետրվարից գործուղվել է Ղարաբաղ՝ մարտական հերթապահության։

Փաստաթուղթը, որտեղ նշվում է, որ լեյտենանտը որպես դասակի հրամանատար գործուղվել է Ղարաբաղ մարտական հերթապահության, իրավասու մարմինների համար հիմք չի հանդիսացել։ «Ազատության» հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունը գրել է, որ Հայաստանի կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը եզրակացրել է, որ զինծառայողը վնասվածքը ստացել է պարզապես զինվորական ծառայության ընթացքում։ Ըստ այդմ, նա չի համապատասխանում հիմնադրամի կողմից հատուցումը ապահով օրենքի չափանիշներին։

Մինչդեռ Խաչատրյանը պնդում է, որ «մարտական հերթապահություն» արտահայտությունը տեղ է գտել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամով զինվորների հատուցումն ապահովող օրենքում։

«Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նպատակը, Հայաստանի պաշտպանության, մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակոդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումն է։

Երվանդ Խաչատրյանը տարակուսում է՝ չէ՞ որ դեպքը տեղի է ունեցել Թալիշում՝ սահմանագծում, երբ ինքը որպես դասակի հրամանատար գործուղվել է մարտական հերթապահության։ Կասկածելով դիվերսիոն փորձի մասին՝ սովորականի պես որոշել է ստուգել տարածքը։ Ասում է, որ լավ է հիշում, որ ականապատված տարածք չէր հասել, երբ ոտքի վրա սուր հարված է զգացել։

Նա այժմ էլ կասկածներ ունի, որ հակառակորդը դիվերսիոն փորձ էր արել․ - «Եկա, ոտնահետքեր կային: Ռոլանդին ասի՝ սպասի, տենանք ինչ ա: Էդ ժամանակոտքիս ոնց որ քարով մի հատ բան կպներ․․․ պայթյուն եղավ»:

Տեղի ունեցածից հետո ոտքը կորցրած նախկին զինծառայողը պնդում է, թե Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից իրեն հատուցում տալու փոխարեն իր դեմ քրեական գործ են հարուցել՝ մեղադրելով մարտական հերթապահության կամ ծառայության կանոնները խախտելու մեջ։

Սահմանագծում հաշմանդամություն ստացած լեյտենանտը պնդում է, որ քրեական գործում բազմաթիվ հակասություններ կան, քննիչն իրեն չի հարցաքննել, թեև եզրահանգել է, թե ինքը զղջացել է․ - «Կարանք ապացուցենք էդ լրիվ կեղծիքները: Գումարտակի հրամանատարն ա արդեն ցուցմունքներ տալի, որ ինքը իմ պարտականությունը արգելել ա: Աբսուրդ բան ա: Ես զեկուցել եմ իմ վաշտի հրամանատարի տեղակալին, որ ես դուրս եմ գալիս»:

Նա, որ այժմ շուրջ 60 հազար դրամ հաշմանդամության թոշակ է ստանում, ծառայության տարիներին 207 հազար դրամ աշխատավարձ էր ստանում։ Զենքին ու սահմանի պաշտպանությանը փոխարինելու են եկել փաստաթղթերն ու օրենքները, որոնցով փորձում է պաշտպանել իրեն՝ ապացուցելու, որ զինվորականի իր գործն է կատարել։

Նրա փաստաբան Նորիկ Նորիկյանը ևս պնդում է, որ հիմնադրամի կողմից հատուցումն ապահով օրենքում միայն մեկ կետ կա, որով հատուցում չի տրվում՝ եթե դեպքը տեղի է ունեցել զինծառայողի կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանքով․ - «Ես գրություն եմ պատրաստել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, որ հատուցման դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից հետո, հատուցման դեպքը տեղի է ունեցել հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության իրանակացման ընթացքում, դեպքի հետևանքով Երվանդ Խաչատրյանը ստացել է ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով նրան իրավասու հանձնաժողովի կողմից տրվել է հաշմանդամության խումբ: Երվանդ Խաչատրյանի հաշմանդամ դառնալը իր կողմից կանխամտածված օրինազանցության հետևանք չէ: Եվ «Վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հստակ սահմանված է, որ փոխհատուցումը չի հասնում՝ եթե շահառուի կողմից կատարվել է կանխամտածված օրինազանցություն»:

Փաստաբանը պնդում է, որ եթե չլիներ Զինծառայողների հատուցման հիմնադրամը, նախկին զինծառայողի դեմ քրեական գործ չէին հարուցի։

Մեղարդանքը հաստատվելու դեպքում Երվանդ Խաչատրյանին սպառնում է 2-7 տարվա ազատազրկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG