Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից 3 օր անց դեռ քրգործ չի հարուցվել


Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, արխիվ
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, արխիվ

Ոստիկանության լրատվության վարչությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ հետաքննությունը դեռ շարունակվում է։ Հիշեցնենք՝ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպից րոպեներ անց՝ փետվարի 13-ին։ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ գործ հարուցելու մասին որոշումը կայացվում է 10-օրյա ժամկետում։

Նկատենք՝ իրավապահները միայն այսօր են այցելել «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակ։ Նրանք բացատրություն են վերցնել, ապա ավագանու անդամին ուղեգրել դատաբժշկի մոտ։ Ավագանու հանրապետական տղամարդկանց կողմից բռնության ենթարկված Մարինա Խաչատրյանի գնահատմամբ՝ ոստիկանության արձագանքը ուշացել է, քանի որ բռնության որոշ հետքեր արդեն տեսանելի չեն։ «Նշանները բավականին անցել են, թևերիս, ոտքերիս կապտուկներ կային, որոնք նույնպես ներծծվել և անցել են»,- այսօր «Ազատությանն» ասաց Մարինա Խաչատրյանը:

Այսօր «ֆեյսբուքի» որոշ օգտատեր նկատեցին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից բացակայում են ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության երեք կին անդամների կենսագրական տվյալները։ Ի տարբերություն նրանց՝ մյուս 62 անդամների մասին տվյալներն առկա են, անգամ՝ Մնացական Պարակշիևի և Հայկ Պետրոսյանի, ովքեր ևս եղել են «Երկիր Ծիրանիի» անդամներ։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից «Ազատությանը» պարզաբանեցին, որ խմբակցության նշված անդամներն ի սկզբանե պատշաճ կերպով չեն տրամադրել այն տեղեկատվությունը, որը պետք է տեղադրվեր պաշտոնական կայքի համապատասխան հատվածում։ Ընդդիմադիր ԵԾ խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը հակադարձում է՝ կենսագրականները տրամադրվել են պատշաճ կերպով ու ժամանակին, իսկ այդ պատասխանը պարզապես ծիծաղելի է․ «Կենսագրականս բավական երկար է, և ես ստիպված էի մեծ ժամանակ տրամադրել այն կրճատելու և իրենց բնորոշումներին հարմարեցնելու համար: Երբ տեսա կայքում, այն էլ ավելի էր կրճատվել: Այնպես որ՝ կենսագրականը եղել է, մենք ստորագրել ենք»:

Երևանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքի շուրջ բարձրացած աղմուկին այսօր էլ հաջորդեց ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի և հանրապետական, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին առնչվող միջադեպը: Ինչպես ֆեյսբուքյան էջում առավոտյան տեղեկացրել էր Սիմոնյանը՝ իրեն է զանգահարել Մովսիսյանը, ներկայացել որպես «Շմայս» և հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել իր հասցեին։

Ալեն Սիմոյանն այս զանգը կապում է իր ակտիվ քաղաքական գործունեության, նաև ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ։ «Սպառնալիքը կար, հայհոյանքի տեսքով՝ դու հլը կտենաս, հետո՝ հայհոյանքներ: Ես ստիպված եղա ասել, որ նույնն իրեն եմ ցանկանում և խնդրեցի այլևս ինձ չզանգահարել: Սա կապված է իմ գործունեության հետ և սպառնալիք է»,- ասաց Սիմոնյանը:

«Ազատությունը» կապ հաստատեց ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանի հետ, ով ևս չհերքեց, որ զանգահարել է Սիմոնյանին։ Նախկին պատգամավորը, սակայն, նշեց որ իր արարքը պատճառաբանված է եղել, քանի որ ավագանու անդամն իր մասին ոչ հարիր գրառումներ է կատարել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում, մինչդեռ իրենք անգամ ծանոթ չեն։ Հարցին՝ արդյո՞ք դա սպառնալիք չէ, Մովսիսյանն արձագանքեց՝ դաստիարակչական զրույց է եղել․ «Ասել եմ՝ խելքդ գլուխդ հավաքի այ տղա»:

Ալեն Սիմոնյանը, սակայն, նշում է՝ «Շմայս» մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի մասին ինքն ընդհանարապես սոցցանցերում որևէ բան չի գրել։ Նրա ոճի մասին խոսել է միայն ավագանու նիստերից մեկի ժամանակ, և ինչպես երևում է, խոսքը տեղ է հասել․ «Կոչ եմ արել մեր հանրապետական գործընկերներին, որոնք հեգնում էին ու վիրավորական արտահայտություններ էին թույլ տալիս ԵԾ գործընկերների հասցեին, որ մենք Շմայսի գործելաոճը չբերենք մեր դահլիճ: Ենթադրում եմ՝ քաղաքապետարանի աշխատակիցներից որևէ մեկը որոշել է, այսպես ասած, պորտս տեղը դնի և դա անի Առաքել Մովսիսյանի ձեռքով»:

Ալեն Սիմոնյանը դեռ չգիտի՝ կդիմի՞ իրավապահներին թե ոչ։ Բայց խորհրդարանական ամբիոնից այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով հանրապետականներին, հայտարարեց՝ մեր փողկապներին չխաբնվեք, պատրաստ ենք ընդունել ցանկացած մարտահրավեր։

Անդարադառնալով ավագանու նիստի միջադեպին, նա նշեց՝ համաձայն չէ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի այն մեկնաբանությանը, թե քաղաքապետարանն ախոռագոմ չէ։ «Այն, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը զանգում է քաղաքացուն և չի ներկայանում, ասում է՝ Շմայսն ա զանգում, սա ստիպում է մտածել, որ նմանատիպ ախոռագոմեր փնտրելու առիթ կա, մասնավորապես, նաև ՀՀԿ կենտրոնական գրասենյակում»,- հայտարարեց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG