Կառավարությունն իրավական ընթացակարգեր է մշակում, որոնց համաձայն՝ հնարավոր կլինի դադարեցնել չօգտագործվող հողատարածքների նկատմամբ սեփականատերերի իրավունքները: Նման հանձնարարություն տվել է վարչապետ Կարեն Կարապետյանը, շեշտելով՝ «առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է»:
Վարչապետը բերել էր Արարատյան դաշտավայրի օրինակը, որտեղ, ըստ նրա, արձանագրվել է չօտագործվող շուրջ 24 հազար հեկտար ոռոգելի հողատարածք։ «Նման հողատարածքները հանդիսանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականությունը, իսկ գործող օրենսդրական կարգավորումները օգտագործումը խթանելու, անգործության համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ, ինչպես նաև հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման հստակ, ոչ հայեցողական գործիքակազմ չեն նախատեսում»,- նշել էր վարչապետը:
Շիրակի մարզում ևս քիչ չեն չմշակվող հողատարածքները: Արևիկ գյուղի հողերը ոռոգելի են: Գյուղի մշակույթի տան կիսաքանդ շենքում գյուղացիները հավաքվում, նարդի ու շախմատ են խաղում, նաև կյանքից դժգոհում: Չմշակվող հողերը ետ վերցնելու՝ կառավարության նախաձեռնության մասին լսել են: Ասում են՝ բոլորովին էլ դեմ չեն հողը ետ տալ, ավելին՝ «հոգսերից կազատվեն»․ «Գեղացուն հող չտվին, գեղացուն հողին տվին»,- պատկերավորեց արևիկցիներից մեկը:
Գյուղացիներն ասում են՝ վար ու ցանքն էժան չէ, իսկ դիզվառելիքի թանկացումից հետո ավելի շատ գումար պետք է ծախսել․ «Անհնարին է մշակելը, միայն մեխանիզատորները, տրակտորիստները կարան մշակեն, մենք չենք կարա, որովհետև մեզ համար շատ թանկ է»:
Արևիկցիներից շատ քչերն են հող մշակում: Մեծ մասամբ վարձակալությամբ են տալիս: Այստեղ, ինչպես մարզի շատ այլ գյուղերում, հիմնականում արտագնա աշխատանքի շնորհիվ հայթայթած միջոցներով են կարողանում հող մշակել: Բայց հիմա հաշվարկ են անում ու չեն ցանկանում դրսում դժվարությամբ աշխատած գումարները ներդնել հողի մեջ, երբ երաշխիք չկա՝ եկամուտ կստանա՞ն թե ոչ: Արևիկցիներն ասում են՝ գյուղատնտեսությունը չի զարգանա, քանի դեռ գյուղացին ԽՍՀՄ ժամանակների հին ու մաշված տեխնիկայով է հողը մշակում:
Նշենք, որ Շիրակի մարզում այս տարի նախորդ տարվա համեմատ 3000 հեկտարով պակաս աշնանացան է ցանվել: