Մատչելիության հղումներ

Գերմանիայի թուրքերը դատի են տալիս իրենց «ուղտարած» և «թափթփուկ» կոչած ազգայնական պատգամավորին


Անդրե Պոգգենբուրգ, լուսանկարը՝ թվիթերյան պաշտոնական էջի

Գերմանիայի թուրքերը պատրաստվում են դատի տալ Բունդեսթագի աջ ազգայնական պատգամավոր Անդրե Պոգգենբուրգին, ով նախօրեին թուրքերին անվանել է անհայրենիք ուղտարածներ ու հիշեցրել մեկուկես միլիոն հայերի ցեղասպանության մասին: Աղմկահարույց այս հայտարարությունը հնչել էր Զատկի տոնին նախորդած ավագ չորեքշաբթի օրը՝ Գերմանիայում ավանդաբար անցկացվող հավաքի ժամանակ, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչները գարեջրի սեղանների շուրջ սուր քննադատության են ենթարկում ընդդիմախոսներին:

«Այդ չաման վաճառողների վրա դեռ 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն է ծանրացած, և նրանք դեռ մեզ ուզում են պատմություն սովորեցնել ու հայրենիքի՞ց խոսել: Այդ խելապակասները մեզ սովորեցնելու ոչինչ չունեն: Այդ ուղտարածներին պետք է իրենց տեղն ուղարկել՝ Բոսֆորից շատ հեռու, իրենց ցեխաշեն խրճիթների ու մեծաքանակ կանանց մոտ»,- ասել էր Պոգգենբուրգը:

Գերմանիայում բնակվող միլիոնավոր թուրքեր գերմանացի ազգայնական գործչի թիրախում էին հայտնվել այն բանից հետո, երբ քննադատել էին Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը Հայրենիքի նախարարություն կոչելու առաջարկը: «Այդ «հայրենիք» եզրույթի վրա կենտրոնանալը հանդուրժողականություն տարածելու փոխարեն ավելի կխորացնի բաժանարար գծերը»,- հայտարարել էր Գերմանիայի թուրքական համայնքի առաջնորդը:

«Նրանք իրենց իրավունք են վերապահում մեզ դա՞ս տալ»,- հակադարձել էր Պոգգենբուրգը՝ չխնայելով նաև երկքաղաքացիություն՝ Թուրքիայի և Գերմանիայի անձնագիր ունեցողներին: «Նրանք իրականում հայրենիք չունեցող թափթփուկներ են, որոնց կարիքը Գերմանիան չունի»,- հավելել էր գերմանացի գործիչը:

Ավելին՝ աջ ազգայնականների հավաքին ներկա գերմանացիները բուռն ու տևական ծափահարություններով են ողջունել խորհրդարանի մեծությամբ երրորդ խմբակցության պատգամավորին: Ոմանք անգամ բացականչել են՝ թուրքերին պետք է արտաքսել:

Գերանիայի քաղաքական դաշտում, սակայն, ազգայնականների առաջնորդի ելույթը միանշանակ չի ընդունվել․ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է նրան՝ հորդորելով զերծ մնալ ատելություն սերմանող կոչերից, Գերմանիայի թուրքական համայնքը համակարգող կազմակերպության նախագահ Գոկայ Շոֆօղլուն էլ սպառնացել է դատարան դիմել: «Մենք այսպիսի վիրավորանքները չենք կարող կուլ տալ կամ մոռացության մատնել: Ի վերջո՝ այդ հայտարարությունները հնչում են մի կուսակցության կողմից, որն այժմ տեղ ունի Գերանիայի խորհրդարանում»,- հայտարարել էր Գոկայ Շոֆօղլուն:

Պոգգենբուրգի՝ «Գերմանիայի այլընտրանք» աջ ազգայնական կուսակցությունն անցած աշնանը կայացած խորհրդանական ընտրություններում ստացավ ձայների 13 տոկոսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ դառնալով Բունդեսթագի երրորդ ամենամեծ խմբակցությունը:

Լրատվամիջոցները նկատում են, որ թուրք-գերմանական հարաբերություններում այս նոր սկանդալը ծագել է Թուրքիայի վարչապետի՝ Բեռլին կատարած այցի նախօրեին: Բեռլին մեկնելուց առաջ Բինալի Յըլդըրըմը չէր թաքցրել, որ Գերմանիայի իշխանություններին «ֆաշիստ» ու «նացիստների մնացուկներ» անվանելուց ամիսներ անց՝ նախագահ Էրդողանն այժմ արդեն ուզում է բարելավել հարաբերությունները Եվրամիության առաջատար այդ երկրի հետ:

Ու թերևս հենց դա էր պատճառը, որ թուրքերի հասցեին այս աղմկահարույց ելույթից ժամեր անց այցելելով Բեռլին՝ Յըլդըրըմը դրան որևէ կերպ չի արձագանքել: Ճիշտ հակառակը՝ գերմանական հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը կոչ է արել մոռանալ փոխադարձ վիրավորանքները: «Եկեք նոր էջ բացենք երկկողմ հարաբերություններում, մոռանանք անցյալը և կառուցենք շատ ավելի խորն ու ընդարձակ հարաբերություններ»,- ասել է նա:

Այսօր արդեն, ըստ էության, Անկարան առաջին լուրջ քայլն արեց այդ ուղղությամբ. թուրքական դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել գերմանական Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելին, ում Թուրքիայի իշխանություններն ավելի քան մեկ տարի բանտում էին պահում՝ ահաբեկչությանն աջակցելու և ատելություն տարածելու մեղադրանքներով: «Լավ է, բայց ոչ բավարար»,- ողջունելով Անկարայի այդ որոշումը՝ այսօր հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Մենք գիտենք, որ կան նաև այլ դեպքեր, կան մարդիկ, գուցե ոչ այսքան հայտնի, որ շարունակում են մնալ անազատության մեջ: Հույս ունենք, որ նրանց դեպքում էլ կլինեն արագ և Սահմանադրությանը համապատասխան ընթացակարգեր: Ես երեկ այս ուղերձը փոխանցել եմ նաև Թուրքիայի վարչապետին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG