Մատչելիության հղումներ

Երբ ժողովուրդը տեսնի, որ «Ելք»-ն այլընտրանք է իշխանությանն, էդ դեպքում փողոց դուրս կգա. Արամ Սարգսյան


Երբ ժողովուրդը տեսնի, որ «Ելք»-ն այլընտրանք է իշխանությանն, էդ դեպքում փողոց դուրս կգա, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ընդգծելով՝ «Ելք»-ն այդ ուղղությամբ այսօր աշխատանք է տանում։

«Խնդիրը նրանում չի, որ հասարակությունն ինքնաբուխ փողոց է դուրս գալու, մենք էդպիսի բան չենք ասում, մենք աշխատանք ենք անում, որ հասարակությունը փողոց դուրս գա։ Օրինակ այդ երկու երթն էլ հասարակությանը փողոց հանելու, Ազգային ժողովում մեր ելույթները, Սերժ Սարգսյանի նախկին արած հայտարարությունները հիշեցնելը, տեսակետ ասելը, որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Բակո Սահակյանը երկրորդ, երրորդ անգամ առաջադրվելով լուրջ խնդիրներ են առաջացնում», - ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը, թե երբեք «Ելք»-ը չի հայտարարել, որ հնարավոր է բողոքի երթ անցկացնի ընդդեմ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության, Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. - «Քաղաքականությունը շատ կարևոր հատկանիշ ունի՝ էդ ժամանակի զգացողությունն է։ Այստեղ կա ժամանակի խնդիրը։ Ժամանակի առումով մենք համընթաց ենք գնացել, իրական, ճիշտ քաղաքական գործունեության, պետության հանդեպ հարգանքի դասական օրինակ ենք ցույց տվել, մեր գործելաոճը տարբերվում է հանրապետականների և մնացածների գործելաոճից, եթե իրենք վատն են, մենք իրենց նման չենք դառնա»: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ժողովուրդը տեսնի, որ ընդդիմություն կա, որ ժողովուրդը տեսնի, որ այդ ընդդիմությունն ունի լիդերներ, ժողովուրդը տեսնի, որ «Ելք»-ն այլընտրանք է, եթե ինքը կտեսնի, որ «Ելք»-ն այլընտրանք է իշխանությանը, էդ դեպքում ինքը փողոց դուրս կգա», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը, ընդգծելով՝ «Ելք»-ն աշխատում է դառնալ այդ այլընտրանքը։

«Հենց էդ պատճառով է, որ մենք Էդմոն Մարուքյանին առաջարկեցինք Ազգային ժողովի նախագահ, մենք գիտեինք, չէ՞, որ չի անցնելու, բայց մենք ցույց տվեցինք, որ մարդ ունենք, որն Արա Բաբլոյանից ոչ վատ Ազգային ժողովի նախագահ կլինի, օրենքներին էլ է տիրապետում, լեզուներ գիտի։ Մենք ցույց տվեցինք, որ ունենք Հայաստանի նախագահի թեկնածու՝ Արտակ Զեյնալյան, որը էս առաջարկվող նախագահի թեկնածուից՝ Արմեն Սարգսյանից, իր հատկանիշներով ոչնչով պակաս չի ու եթե իմ գնահատականը հարցնեք՝ մի բան էլ ավել է։ Մենք հիմա նույն սկզբունքով ցույց ենք տալու, որ ունենք վարչապետի թեկնածու։ Այսինքն՝ «Ելք» դաշինքն աշխատում է հանրության համար դառնալ այն այլընտրանքը, որ էս համակարգը, որ կա, մենք պատրաստ ենք փոխելու, և փոխելու դեպքում ի՞նչ ենք առաջարկելու, ո՞րն է այն փոփոխությունը, որի պարագայում, եթե մենք լինենք, դա կանենք։ Նոր էս ընտրական համակարգի պարագայում միայն էդ ձևն է, որ մարդկանց փողոց կհանի», - ասաց Արամ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG