Մատչելիության հղումներ

Հրայր Թովմասյանն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրեց


Հրայր Թովմասյան, արխիվ

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը։

Պաշտոնական մեկ այլ հաղորդագրության համաձայն, Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը։

Նշենք, որ երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ​հայտնեց, որ Թովմասյանը փետրվարի 16-ին պատրաստվում է հրաժարվել խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը դեռևս փետրվարի 12-ին առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում, վաղը նա հրաժարականի դիմում կներկայացնի ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Թովմասյանն այս պահին նպատակահարմար չի գտնում զբաղեցնել այդ պաշտոնը, և մեր թիմը կիսում է այդ մոտեցումը։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում մենք որոշել ենք, և վաղն էլ կհայտարարենք այդ մասին, առաջադրել Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանի թեկնածությունը», - երեկ ասաց Շարմազանովը։

Հարցին, թե ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին Ազգային ժողովում, Շարմազանովը պատասխանեց. - «Պարոն Թովմասյանը հրաժարական դիմում է տալիս միայն Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բայց մնում է պատգամավոր։ Երբ որ պարոն Թովմասյանը կընտրվի, արդեն պատգամավոր չի լինի, կարծում եմ, հաջորդը ցուցակում Տաճատ Վարդապետյանն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր»։

«Քաղաքապետարանն ախոռագոմ չէ»

Անդրադառնալով օրերս Երևանի քաղաքապետարանում «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, Շարմազանովն ասաց՝ Հանրապետական կուսակցությունը բնականաբար ոչ քաղաքակիրթ, ոչ կոռեկտ, ոչ էթիկայի սահմանում ցանկացած արարք և բռնություն անթույլատրելի է համարում։

«Մենք չենք կարող նման պահվածքին խրախուսել։ Միևնույն ժամանակ, խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել՝ որևէ բռնություն եղել է, կամ չի եղել, որ կողմն է բռնության ենթարկել, որ կողմն է բռնության ենթարկվել, առնվազն ինձ համար տարօրինակ է սեռական բռնության մասին ելույթները, որովհետև չի կարելի ամեն ինչ փորձել արդարացնել, և գոնե այստեղ, հասուն մարդիկ ենք, հետևել եմ և տեսել եմ տեսանյութը, այնտեղ որևէ սեռական բռնություն, սա իմ անձնական կարծիքն է, չեմ նկատել։ «Երկիր Ծիրանի»-ի մեր գործընկերների պահվածքը համարում եմ ոչ քաղաքակիրթ, ոչ քաղաքական և ոչ էթիկայի նորմերին համապատասխան, Երևանի քաղաքապետարանն ախոռագոմ չէ», - ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք՝ ավագանու փետրվարի 13-ի նիստը վերածվեց ծեծկռտուքի այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության կանայք որոշեցին քաղաքապետին հանձնել Նուբարաշեն համայնքի բնակիչների «նվերը»՝ գարշահոտ կոյուղաջուրը։ Ընդդիմադիր կանանց և Հանրապետական խմբակցության անդամ տղամարդկանց քաշքշոցը ուղեկցվեց փոխադարձ վիրավորանքներով, բանը հասավ անգամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ տղամարդկանց կողմից ֆիզիկական բռնությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG