Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ֆլորիդա նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սերժ Սարգսյանը զորակցություն է հայտնել Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք, երեկ Փարքլենդի դպրոցում հաստատության նախկին սանի արձակած կրակոցների հետևանքով 17 մարդ է զոհվել: