Մատչելիության հղումներ

293 միլիոն դոլար․ 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները ճիշտ այսքան գումար են հայտարարագրել պաշտոնը ստանձնելու պահին։

Առաջին հորիզոնականում Գագիկ Ծառուկյանն է, որը 3 անգամ շատ դրամական միջոց ու փոխառություն ունի, քան խորհրդարանի մյուս 104 պատգամավորները միասին։ Նրա դրամական միջոցներն ու փոխառությունները կազմում են շուրջ 222 միլիոն դոլար։

Ըստ խորհրդարանի գործունեությունը ուսումնասիրող «Պարլամենտ մոնիտորինգ» կազմակերպության այսօր հրապարակված զեկույցի, Ծառուկյանը մանդատը ստանալուն նախորդած չորս ամիսների ընթացքում 24 միլիոն 614 հազար դոլարի եկամուտ է հայտարարագրել:

Ընդհանուր առմամբ խորհրդարանում կա 11 դոլարային միլիոնատեր պատգամավոր, 6-ը՝ իշխող ՀՀԿ-ից, 5-ը՝ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքից։ Գագիկ Ծառուկյանին հաջորդում են ՀՀԿ-ականներ Սամվել Ալեքսանյանը՝ 8, Աշոտ Արսենյանը՝ 7.5, Արայիկ Գրիգորյանը՝ 4.8 միլիոն դոլար։

Ի դեպ, հայտարարագրված 293 միլիոն դոլարը պատգամավորների ամբողջ ունեցվածքը չէ․ շքեղ առանձնատները, թանկարժեք մեքենաները, բիզնեսները, հյուրանոցային համալիրներն ու այլ շինությունները որպես գումար չեն հայտարարագրվում։

«Պառլամենտ մոնիտորինգի» այսօր ներկայացրած զեկույցը նաև փաստում է, խորհրդարանականան կառավարման համակարգը որդեգրած Հայաստանում օրենսդրական նախաձեռնությունների ԱԺ-Կառավարություն հարաբերակցությունը առայժմ չի փոխվել։ Վերջին երկու նստաշրջաններին ընդունված 254 օրենքների մոտ 90 տոկոսը ներկայացրել է Կառավարությունը։ Խորհրդարանը արտահերթ նիստերի 6 օրերի ընթացքում հասցրել է 220 քվեարկություն անցկացնել։

Ընդդիմադիր պատգամավոր Արտակ Զեյնալյանի պնդմամբ, արագացված այս ռեժիմը էականորեն ազդել է օրենքների բովանդակության վրա․ - «Երբեմն փաթեթի մեջ մտնում են օրենքներ, որոնք ընդհանրապես առաջին քննարկում չեն անցել: Եվ ավելին՝ պատգամավորը, որը միայն ինքն է օժտված հարցեր տալու իրավասությամբ, եթե առաջարկել է փոփոխություն, չի կարողանում տեղավորվել այդ ժամկետում իր տված հարցերի, իր բարձրացրած առաջարկների մասով»:

Ընդդիմադիր «Ելք»-ը ամենաշատ դեմ քվեարկած խմբակցությունն է, «Ծառուկյան» դաշինքը՝ ամենաշատ ձեռնպահ, Հանրապետականները՝ ամենշատ կողմ։ Ամենաշատ բացակայողների տասնյակը գլխավորում է կրկին Գագիկ Ծառուկյանը․ ըստ զեկույցի, նա չի մասնակցել ավելի քան 260 քվեարկության: Երկրորդ տեղում նույն խմբակցությունից Նորա Առուստամյանն է, երրորդում՝ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը:

6-րդ գումարման Ազգային ժողովը նույնպես «լուռ» պատգամավորների պակաս չունի: Չնայած կառավարման խորհրդարանական մոդելին անցմանը՝ 105 պատգամավորից 40-ը որևէ հարց չի տվել, ելույթ չի ունեցել, միայն քվեարկել է։ Այս պատգամավորներից 26 հանրապետականներն են, որոնք կազմում են խմբակցության գրեթե կեսը։

Արտակ Զեյնալյան․ - «Լուռ պատգամավորների գերակշռող մեծամասնությունը քաղաքական մեծամասնության քվեարկիչներ ուղղակի: Եվ որևէ պատգամավորական գործունեության հետ աղերս չունի նրանց ներկա լինելը Ազգային ժողովում»:

Հանրապետական Ռուստամ Մախմուդյանը չի կիսում ընդդիմության քննադատությունը, վստահեցնում է, իր խմբակցության լուռ պատգամավորները, այլ կերպ են ակտիվություն ցուցաբերում․ - «Նշված պատգամավորների մեծ մասը առավելապես ամենօրյա աշխատանքներ են տանում իրենց ընտրողների հետ: Եվ եթե մի փոքրիկ վիճակագրական տվյալներ վերլուծեք, կտեսնեք, որ հենց տարածքային պատգամավորներից շատերը իրենց բնակիչներին հուզող հարցերի լուծմանն ուղղված միջոցներ ու քայլեր են ձեռնարկում»:

Ի դեպ, ըստ զեկույցի, հանրապետական պատգամավորը Աշոտ Արսենյանը 6 միլիոն դոլար նվեր է ստացել, իսկ մեկ այլ հանրապետական Հերմինե Նաղդալյանը 270 միլիոն դրամի վարկ է վերցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG