Մատչելիության հղումներ

Թուրքիան պահանջում է դուրս բերել քրդական ջոկատները «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմից


Թուրքիայի զինուժը հարվածում է Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական դիրքերին, արխիվ
Թուրքիայի զինուժը հարվածում է Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդական դիրքերին, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երկօրյա այցը Անկարա կմեկնարկի մի քանի ժամից: Երկու երկրների դիվանագետներն ու պետական գործիչները չեն էլ թաքցնում, որ ամերիկայն պետքարտուղարության ղեկավարին Թուրքիայի մայրաքաղաքում բավական բարդ բանակցություններ են սպասում:

Դրանց առանցքային թեման, բնականաբար, Աֆրինում գրեթե մեկ ամիս առաջ մեկնարկած «Ձիթենու ճյուղ» գործողությունն է և այն ռազմական ու ֆինանսական օգնությունը, որ ցուցաբերում է Վաշինգտոնը սիրիացի քրդերին: Թիլերսոնի այցի մեկնարկից մի քանի ժամ առաջ Բրյուսելում` Հյուսիս-ատլանտյան դաշինքի հերթական գագաթաժողովի շրջանակներում, այսօր հանդիպեցին Թուրքիայի և Միացյալ Նահանգների աշտպանության նախարարները:

Բանակցությունների ավարտին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթդին Ջանըքլըն հանդիպեց Բրյուսելում գտնվող մի խումբ թուրք լրագորղների հետ` հայտարարելով, թե Անկարան ամերիկյան իշխանություններին հստակ պայմաններ է առաջադրել, որոնց կատարումն, ըստ Անկարայի, հնարավորոթյուն կտա կարգավորել խորը ճգնաժամում գտնվող երկկողմ հարաբերությունները:

«Մենք խնդրել ենք Միացյալ Նահանգների կառավարությանը՝ վերջ տալ Քրդական Աշխատավորական կուսակցության սիրիական մասնաճյուղեր հանդիսացող ահաբեկչական կառույցներին` «Ժողովրդական պաշտպանության ուժերին» և «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը ցուցաբերվող ցանկացած տեսակի օգնությանը: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի այդ կառույցները դուրս բերվեն «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» կազմից»-հայտարարում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը:

Հարկ է նկատել, սակայն, որ «Իսլամական պետության» ջախջախման մեջ առանցքային դեր խաղացած և ամերիկացիների աջակցությունը վայելող «Սիրիական ժողովրդավարական ուժերի» կորիզը հենց քրդական ջոկատներն են: Նուրեթդին Ջանըքլըն նաև նշում էր, որ Անկարան լուրջ ակնկալիքներ ունի, թե պաշտոնական Վաշինգտոնն ի վերջո արմատապես կվերանայի Թուրքիայի հանդեպ վերջին շրջանում որդեգրած իր քաղաքականությունը:

«Այս հանդիպման ընթացքում մենք նաև բարձրաձայնել ենք մեր այն ակնկալիքը, որ Միացյալ Նահանգները ցանկացած դեպքում, երբ վտանգնված է Թուրքիայի ազգային անվտանգությունը, մեզ առանց վարանելու աջակցություն կհայտնեն:

Մենք նաև մեր մտահոգությունը հայտնեցինք ամերիկացի որոշ պաշտոնյաների ու գեներալների` Թուրքիայի անվտանգությանը վերաբերող վերջին հայտարությունների առթիվ»,- նշում էր Թուրքիայի պաշտպանության նախարարը` ըստ ամենայնի ակնարկելով ամերիկացի զինվորականների և դիվանագետների այն պնդումները, որոնց համաձայն՝ Մանբիջ քաղաքի ուղղությամբ թուրքական հարձակման դեպքում անգամ սիրիական այդ քաղաքում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները դուրս չեն բերվի:

Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին ևս անդրադարձավ Սիրիայի հյուսիսում ծավալված իրադարձություններին` հույս հայտնելով, որ Թուրքիան այսուհետ հիմնական ուժերը կկենտրոնացնի «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի վրա: Դրա հետ մեկտեղ Մեթիսը պնդում էր, որ Վաշինգտոնը պատրաստ է հաշվի առնել Թուրքիայի շահերը տարածաշրջանում:

«Ես կարծում եմ, որ մենք բոլորս հրաշալի կերպով հասկանում ենք, որ NATO-ի անդամ պետություններից, դաշնակիցներից միայն մեկն է, որ սեփական տարածքում բախվել է ամպստամբական գործողությունների: Հյուսիս-ատլանտյան դաշինքը, Ամերիկան Թուրքիայի կողքին են, երբ այդ պետությունն անվտանգությանը վերաբերող լիովին արդարացված մտավախություններ է հայտնում: Պետք է հասկանալ,որ Թուրքիան սահմանակից է Սիրիային` այն ողջ քաոսային իրավիճակով հանդերձ, որ առկա է այդ երկրում»,-հայտարարում էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG