Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Հայաստանի թվային փոխակերպման միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն»


Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ

Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ։ Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունները թվային գործիքներով տրամադրելու շրջանակը, դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը», - նշեց վարչապետը։

Այդ նպատակով հանձնարարվեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին երկամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը: Վերջիններս մեկամսյա ժամկետում կամփոփեն և կարձանագրեն առաջիկայում թվայնացման ենթակա առաջնահերթ պետական ծառայությունների շրջանակը և կներկայացնեն կառավարության աշխատակազմ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարվեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների միջազգային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմիններին մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը:

Կարեն Կարապետյանը Ազգային վիճակագրական ծառայության պետին առաջարկեց մեկամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով՝ տարեկան տվյալների ամբողջական հավաքագրումն ապահովելու նպատակով, «Թվային Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ:

«Այս վարկանիշում մենք անտրամաբանորեն հետ ենք պարբերաբար անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու պատճառով», - ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը հայտնեց նաև, որ հանձնարարել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանին ամփոփել նման վարկանիշները, կոնկրետ պատասխանատու նշանակել․ - «Որպեսզի վաղը չէ մյուս օրը հասկանանք՝ ով է թերացել իր աշխատանքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG