Մատչելիության հղումներ

«Մրսած է, բայց կշարունակի աշխատել». Կրեմլը հայտնում է Պուտինի վատառողջ լինելու մասին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հայտնում է Վլադիմիր Պուտինի վատառողջ լինելու մասին։

«Մրսած է, բայց կշարունակի աշխատել», - հայտարարում էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Վլադիմիր Պուտինը, ինչպես նկատում է մամուլը, թերևս նախկինում էլ եղել են դեպքեր, երբ մրսել է, վատառողջ է եղել, բայց այդ մասին պաշտոնական աղբյուրները հրապարակավ երբեք չեն խոսել։

Ինչո՞ւ են Պուտինի մրսածության մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվում և քննարկվում. Արևմտյան մամուլը հեգնում է՝ նախագահ Պուտինի մրսածության լուրերը կասկածի տակ են դնում ռուսաստանցի առաջնորդի տոկունության, դիմացկունության մասին լեգենդները՝ հատկապես այս նախընտրական շրջանում։

Ռուսաստանի նախագահը վերջին անգամ հանրությանն է ներկայացել «Ռուսաստանի առաջնորդները» մրցույթի ավարտին։ Այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ Պուտինը վատառողջ է՝ նրա ձայնը սովորականի պես չէր, փոքր-ինչ խռպոտ էր, և նա հաճախ հազում էր։

Ռուսաստանյան մամուլը նկատում է, որ նախագահը գրեթե նույն վիճակում էր նաև անցյալ շաբաթ Սիբիրում՝ նախընտրական այցի ժամանակ։ Նա դժվարությամբ էր խոսում, երբեմն էլ` խոսքում վրիպում։

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմը, վերջին մի քանի օրվա ընթացքում Պուտինը ստիպված է եղել հետաձգել կամ չեղարկել մի շարք հանդիպումներ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն, շտապել է հերքել լուրջ հիվանդության մասին ենթադրությունները՝ նշելով, որ Պուտինը շարունակելու է աշխատանքը Կրեմլում կամ մերձմոսկովյան նստավայրում՝ Նովո-Օգարյովոյում։

«Մրսած է, բայց օրակարգը պահպանվում է։ Ձմեռ է, ինքներդ եք հասկանում», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի հիվանդության լուրը ռուսաստանյան համացանցի ամենաքննարկվող թեմաներից է։ Օգտատերերից շատերն են նկատում, որ Պուտինի հիվանդության մասին լուրեր հաճախ են շրջանառվել, հատկապես, երբ նրան պետք էր երկար ժամանակով բացակայել, սակայն երբեք պաշտոնապես չէր հաստատվում։

«Հենց հիմա այնքան կարևոր է ցույց տալ, որ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը սովորական մարդ է, և իր խնդիրները ռուաստանցիների խնդիրներին մոտ են։ Այնքան հարազատ և մոտիկ, բայց միայն նախընտրական շրջանում։ Երանի հասկանար, թե որքան ծիծաղելի է այդ ամենը։ Կարծես ժողովուրդը ապուշ է և ոչինչ չի հասկանում։ Չնայած հնարավոր է ինչ-որ մեկն արդեն հուզվել է և մուրաբա ու մեղր ուղարկել «քեռի Վովային», - հեգնում է ֆեյսբուքյան օգտատերերից Անտոն Աբրամովը։

«Պուտինը 18 տարվա կառավարման փորձ ունի, իսկ Հիսուսը՝ 2 հազար տարվա։ Ընդ որում, ի տարբերություն Պուտինի, Հիսուսը երբեք գոյություն չի ունեցել։ Ասածս ինչ է՝ գերաշխատում եք մի տեսակ: Հանգստանալու ժամանակը չէ՞», - գրել է մեկ այլ օգտատեր Ալինա Վիտխունովսկայան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG