Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արտակ Զեյնալյանին


Արմեն Սարգսյան, արխիվ

Այսօր Հանրապետականի՝ Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն իր նախաձեռնությամբ հանդիպել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հետ, ում դաշինքը ցանկանում էր առաջադրել Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում։

Արմեն Սարգսյանի գրասենյակի ղեկավար Հասմիկ Պետրոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ հանդիպման նախաձեռնությունը եղել է Արմեն Սարգսյանինը և որ Զեյնալյանի հետ հանդիպման ընթացքում փոխանակել են մտքեր բազմաթիվ հարցերի վերաբերյալ։

Նշենք, որ երկու ամսից նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր նախագահական լիազորությունները։ Նոր նախագահին մարտի 2-ին կընտրի Ազգային ժողովը՝ յոթ տարի ժամկետով:

Նախագահ կդառնա այն թեկնածուն, որին կհաջողվի ստանալ պատգամավորների ընդհանուր թվի ձայների երեք քառորդը՝ այսինքն 105-ից առնվազն 79-ի ձայները։ Եթե Հանրապետության նախագահ չընտրվի, անցկացվելու է ընտրության երկրորդ, նույնիսկ՝ երրորդ փուլ։

Բայց ընտրություններից առաջ դեռ առաջադրման գործընթաց կա: Այս դեպքում նույնպես շեմ է սահմանված՝ նախագահի թեկնածուին պետք է առաջադրեն առնվազն 27 պատգամավորներ: 9 հոգանոց «Ելք»-ը թեև հայտարարել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, սակայն այդ գործում նրան աջակցություն էր պետք։ Խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ չի աջակցի «Ելք»-ին այդ հարցում։

Հանրապետական խմբակցությունն առաջարկեց Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի թեկնածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG