Մատչելիության հղումներ

Ամերիկյան հետախուզությունը չի բացառում, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է սրվել


Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը:
Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը:

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները չեն բացառում, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է է՛լ ավելի սրվել: Այս մասին նշված է երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում` Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ընթացքում ներկայացված զեկույցում:

«Համաշխարհային սպառնալիքների գնահատում» կոչվող ծավալուն այս փաստաթուղթը ամերիկացի օրենսդիրներին ներկայացրեց Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը:

Զեկույցում Լեռնային Ղարաբաղին Ագզային հետախուզության փորձագետները ընդամենը մեկ պարբերություն են հատկացրել․ - «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերը խուսափում են փոխզիջումներից և բախվում են աճող ներքին ճնշմանը: Ռազմական արդիականացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող ջանքերը և Հայաստանի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումը այն գործոններն են, որոնց հետևանքով լայնածավալ բախումների վտանգը 2018-ին պահպանվելու է»:

Երեկ հրապարակված զեկույցում ամերիկացի հետախույզները բավական մանրամասնորեն անդրադառնում են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին` հանդես գալով մի շարք կանխատեսումներով:

«Թուրքիան փորձելու է խոչընդոտել քրդերի մերձավորարևելյան հավակնությունները: Թուրքական ներխուժումը հյուսիսային Սիրիա վտանգում է «Իսլամական պետության» դեմ շարունակվող տարածաշրջանային գործողությունների ընթացքը: Բացի այդ, [Թուրքիայի քայլերը] մեծացնում են այս շրջանում տեղակայված ամերիկյան ուժերի համար առկա ռիսկերը», - նշում է Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը:

Խոսելով Վրաստանում ստեղծված կացության մասին, ամերիկյան Ազգային հետախուզության փորձագետները երկու հիմնական խնդիրներ են առանձնացնում` Ռուսաստանի հետ հարաբերությունները և փոփոխությունների ենթարկվող ներքաղաքական միջավայրը:

«Վրաստանի տարածքի 20 տոկոսի շարունակվող ռուսական օկուպացիան և այդ երկրի արևմտյան ինտերգրացիոն ձգտումների խափանմանն ուղղված [Մոսկվայի] ջանքերը շարունակելու են Թբիլիսիի համար անվտանգության ասպարեզում առաջնային սպառնալիք հանդիսանաալ», - նշում են զեկույցի հեղինակները` նաև պնդելով․ - «Մեծ է հավանականությունը, որ իշխող «Վրացական երազանքը» առաջիկայում կփորձի քայլեր ձեռնարկել, որոնց արդյունքում ընդդիմությունը վերջնականապես կհայտնվի անելանելի վիճակում: Չի բացառվում նաև, որ «Վրացական երազանքը» փորձի նվազեցնել իր իշխանության ինստիտուցիոնալ սահմանափակումները», - նշված է զեկույցում:

Ամերիկյան ամենաազդեցիկ հատուկ ծառայություններից մեկի ղեկավարը Սենատում կազմակերպված լսումների ժամանակ չէր կարող շրջանցել նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների և Ռուսաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների թեմաները:

Քոաթսի կանխատեսումները բավական հոռետեսական են․ - «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առավել ավտորիտար մարտավարություն կորդեգրի` ուժեղացնելով վերահսկողությունը իշխանության առջև ծառացած մարտահրավերների ֆոնին: Ռուսաստանը կշարունակի օգտագործել քարոզչական հնարքները, սոցիալական մեդիան, հանրության ուշադրությունը շեղելուն ուղղված գործողությունները, [Ռուսաստանի հանդեպ] համակրանք տածող հանրային գործիչներին` փորձելով խորացնել Միացյալ Նահանգներում առկա սոցիալական և քաղաքական պառակտումները: Կասկած չկա, որ իր վերջին ջանքերը Ռուսաստանը հաջողված է գնահատում, և 2018-ին Միացյալ Նահանգներում կայանալիք միջանկյալ ընտրությունները դիտարկվում որպես Ռուսաստանի ազդեցության աճին ուղղված գործողությունների հեռանկարային թիրախ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG