Մատչելիության հղումներ

Բաբլոյանը հանդիպել է Վոլոդինի հետ


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյան և ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակում այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ, Բաբլոյանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման համար՝ նշելով, որ այն երկկողմ հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություն է:

Արա Բաբլոյանը երկկողմ կապերի ընդլայնման հարցում բարձր է գնահատել խորհրդարանների միջև փոխգործակցությունը՝ արժևորելով Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: ԱԺ նախագահն առաջարկել է առավել ակտիվացնել միջխորհրդարանական հանձնաժողովի և խորհրդարանական հանձնաժողովների համագործակցությունը:

Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը ողջունել է Վյաչեսլավ Վոլոդինի՝ որպես ՀԱՊԿ ԽՎ նախագահ, կառույցի դերի բարձրացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանների ղեկավարները քննարկել են այս տարի ՀԱՊԿ ԽՎ միջոցառումները Երևանում և Սանկտ Պետերբուրգում անցկացնելու հարցը:

Անդրադառնալով Եվրասիական երկրների խորհրդարանների նախագահների խորհրդակցությունն անցկացնելու Ռուսաստանի առաջարկին՝ ԱԺ նախագահը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, նշել է, որ այս հարթակն արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ առանց խոչընդոտների երկխոսության հնարավորություն ստեղծելով: Նա վերահաստատել է խորհրդակցությունը 2020 թվականին Հայաստանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Արա Բաբլոյանը իր մտահոգությունն է հայտնել Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) գործունեության առնչությամբ՝ նշելով, որ վերջինը, հեռանալով իր տնտեսական գործունեության էությունից, քաղաքականացվել է: Միաժամանակ, Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավարը կարևորել է Եվրոպայի և Ասիայի երկրների խորհրդարանների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Բաբլոյանը տեղեկացրել է, որ հայ խորհրդարանականները Ռուսաստանի նախագահի առաջիկա ընտրությունում ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում ակտիվ մասնակցություն կունենան դիտորդական առաքելություններում:

Վոլոդինն ընդգծել է, որ երկու երկրների միջև կառուցողական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, խորհրդարանական կառույցները փոխգործակցում են, ընդլայնվում են մշակութային և կրթական կապերը:

Հանդիպումից հետո Բաբլոյանը և Վոլոդինը մասնակցել են «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG